Եվրոպական ինտեգրացիա. Սկսենք ինքներս մեզանից

Երբ խոսում ենք եվրաինտեգրացման մասին որպես գործընթաց, որին Հայաստանը հետամուտ է լինում, ապա պետք է մի պահ կանգ առնենք և փորձենք գնահատել թե ինչքանով են այս ջանքերը համապատասխանում իրականությանը, թե ինչքանով է մեր հասարակությունը պատրաստ ներգրավված լինելու այս գործընթացի մեջ և ինչքանով են մեր ընկալումներն ու ցանկությունները համընկնմում:

Արդյո՞ք ողջ Հայաստանը միևնույն մոտեցումն ունի եվրաինտեգրմանը: Արդյո՞ք մենք միևնույն ակնկալիքներն ու տեսլականն ունենք այս գործընթացի առնչությամբ: Մի կողմ թողնելով հասարակության շերտավորման հարցը, ինչպես նաև տարբեր կրթական, ինտելեկտուալ և մշակութային գործոնների վերլուծությունը` պետք է ընդունենք, որ ջանքերի անհավասար բաժանում գոյութուն ունի Երևանի և Հայաստանի մնացած մասի միջև, ինչը հրատապ խնդիրներից է:

Յուրաքանչյուր պետության համար բնական երևույթ է, որ մայրաքաղաքը երկրի մյուս շրջանների համեմատությամբ առավել զարգացած է և նոր նախաձեռնությունների ջատագովն է հանդիսանում: Սակայն պարզվում է, որ Երևանը միակ միավորն է, որ ջանք է գործադրում Եվրոպական արժեքների և չափանիշների ուղղությամբ: Պատկերն այնպիսին է, որ Հայաստանի մյուս շրջանները կամ դրանց մեծամասնությունն անգամ տեղյակ չեն Երևանի կողմից իրականացվող գործընթացի մասին:

Ներկայումս Հայաստանը բաժանված է երկու տարբերի իրականություններով զանգվածների. մայրաքաղաքում բնակվողների և շրջանների բնակիչների: Ցավոք Հայաստանում ցանկացած գործունեություն կամ իրադարձություն խոշոր հաշվով իրականանում կամ տեզի է ունենում մայրաքաղաքում և այստեղի բնակիչներն են օգտվում, ոքեր իրենք էլ բավականին նպաստում են նոր հնարավորությունների ստեղծմանը, մինչդեռ շրջանների բնակիչների մեծամասնությունը հաճախ չունի անգամ համապատասխան հարմարությունները գոնե իրենց առօրյան կազմակերպելու համար: Եվ պատճառները բավականին տարբեր են. Հիմնական մարտահրավերները շարունակում են մնալ ցածր կենսամակարդակը և  գործազրկությունը, ինչը ոչ միայն պայմանավորված է երկրում տիրող ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակով, այլև կրթական համակարգի տրամադրող կադրերի և աշխատաշուկայի պահանջարկի անհամապատասխանությամբ:

Այս ամենը պարզապես հանգեցնում է անտարբերության հանդեպ ցանկացած փոփոխություն, ցանկացած նախաձռենություն` լինի դա եվրոպական, հայկական կամ չինական ինտեգրում, որին ձգտում է Հայաստանը:

Շրջանների մեծ մասում մշակութային կյանքի բացակայությունն այն հիմնական պատճառներից է, որ շրջանների երիտասարդության մոտ իրենց բնակավայրից հեռանալու ձգտում են առաջացնում: Հաճախ երիտասարդները, ելնելով իրենց ծանր սոցիալակն դրությունից, գերադասում են չմասնակցել մշակութային իրադարձություններին, և միակ առկա կապը մնում են հեռուստատեսությունն ու ռադիոն, որոնց, դժբախտաբար, ոչ միայն չի հաջողվում որակյալ ժամանց կամ կրթություն ապահովել, այլև հակառակը` նրանք ակտիվորեն ներգրավված են ցածրորակ մշակույթի տարածման և խթանման գործում:

Նման պայմաններում եվրաինտեգրացման համար անհրաժեշտ անգամ կատարյալ մեխանիզմներն ունենալը բավական չէ, քանզի բացակայում են մասնակցության համար անհրաժեշտ հնարավորություններն ու խթանները: Ըստ այդմ, զուգամիտումը պետք է սկսել ոչ թե Հայաստանի և Եվրոպայի արժեքները ներդաշնակեցնելուց, այլ սկսել ինքներս մեզանից, փորձել մեզանում տարածել առկա խնդիրների մասին տեղեկացվածությունը և այդ կերպ բարձրացնել մեր հասարակության ներգրավվածության ընդհանուր մակարդակը:

Ջանքերը պետք է երկկողմանի լինեն. վերևից ներքև և հակառակը: Շրջանների, հատկապես հեռավոր շրջանների բնակչությանը որպես թիրախային խումբ  սահմանելը պետք է ազգային գերակայությունների շարքում լինի: Աշխատատեղերի, շրջանների միջև առավել աշխույժ կապի ստեղծումը, ինչպես նաև զանազան միջոցառումների և գործունեության միջոցով առավել որակյալ կրթություն ստանալու հնարավորության ապահովումը կարող են վերացնել տարբերության պատնեշը: Իրենց հերթին շրջանների բնակչությունը պետք է լինի առավել պատրաստակամ և առավել աշխույժ, պետք է հաղթահարի անտարբերությունը և քրտնաջան աշխատի Երևանին հասնելու և զուգահեռ ընթանալու ուղղությամբ:

Ըստ իս մեր ներքին բարեփոխումներն են, անցումը, որոնց պետք է հետամուտ լինենք և որոնք հանդիսանում են ցանկացած փոփոխության անկյունաքարը, քանզի եթե դա միայն մեկն անի, ջնքերն ապարդյուն կլինեն, իսկ եթե խումբը, միևնույն ուղղությամբ նայող մարդկանց խումբը` ապա հաջողությունն ապահովված է:

Անի Գևորգյան