ՀՀ կուսակցությունների դիրքորոշումը եվրաինտեգրման վերաբերյալ

Եվրոպական ինտեգրացիան ՀՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկն է, որի նշանակությունը կարեւորում է ՀՀ-ում գործող ցանկացած քաղաքական ուժ: Եվրաինտեգրման ուղին ՀՀ-ն սկսել է անկախացման գրեթե հենց առաջին օրերից՝ 1992թ. հունվարի 30-ին անդամակցելով ԵԱՀԿ-ին:

Քանի որ մոտ ապագայում՝ մայիսի 6-ին, ՀՀ-ում սպասվում են խորհրդարանական ընտրություններ, փորձենք զուգահեռ անցկացնել՝ համեմատելով ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկի՝ եվրաինտեգրման նկատմամբ առաջատար կուսակցությունների դիրքորոշումը, որը տեղ է գտել վերջիններիս ծրագրերում: Կանդրադառնանք միայն այն կուսակցություններին, որոնք ըստ անցկացված սոցիոլոգիական հարցումների, ամենայն հավանականությամբ կհաղթահարեն անհրաժեշտ շեմը և ներկայացված կլինեն Ազգային Ժողովում:

Կուսակցությունների ցանկը`

Բարգավաճ Հայաստանկուսակցություն (ԲՀԿ),

Ժառանգությունկուսակցություն (ԺռԿ),

Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ)

Հայ հեղափոխական դաշնակցություն (ՀՅԴ),

Հայաստանի հանրապետական կուսակցություն (ՀՀԿ),

Օրինաց երկիրկուսակցություն (ՕԵԿ):

“Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը կարևորում է ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացումը, որի համատեքստում անհրաժեշտ է համարում՝

ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ ՀՀ օրենսդրությունը Եվրոպական Միության չափանիշներին համապատասխանեցնելու, ինչպես նաև եվրոպական կառույցներին ինտեգրվելու ուղղությամբ, նպաստել բոլոր բնագավառներում Եվրոպական Միության երկրների հետ փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը, ընդլայնել և խորացնել համագործակցությունը եվրոպական անվտանգությունն ապահովող հիմնական կառույցի` ՆԱՏՕ-ի հետ:

“Ժառանգություն” կուսակցության ծրագրի մեջ “Եվրասերտաճում” բաժնում նշված է.
” Հայաստանի համար ինտեգրումը վերջնանպատակ չէ: Այն առավել բարեկեցության, բարգավաճման ու անվտանգության հասնելու միջոց է: Ինտեգրում ասելով՝ “Ժառանգություն” կուսակցությունը հասկանում է փոխշահավետ համագործակցության, փոխըմբռնման ու փոխօգնության բարձր աստիճանի ձեռքբերում:

Ի թիվս հարաբերությունների սերտացման այլ առանցքների, Հայաստանի համար առաջնայինը եվրոպական ուղղությունն է: Դարեր շարունակ Հայաստանը եղել է եվրոպական քաղաքակրթության բաղկացուցիչներից մեկը՝ անկախ Եվրոպայի համար գծագրված աշխարհագրական սահմաններից: “Ժառանգությունը” համոզված է, որ եվրոպական ինքնության տարատեսակը համարվող այլ մշակույթների ինքնադրսեւորման համար բաց Մեծ Եվրոպան այն մակրոքաղաքակրթությունն ու քաղաքակրթական ժառանգությունն է, որը կարող է ավելի հարստացնել Հայաստանն իր մշակույթով ու միաժամանակ օգտվել հայկական մշակույթից: Եվրոպական մակրոքաղաքակրթությունը ոչ թե արժեքային համահարթություն է, այլ փոխադարձաբար միմյանց տեսակը հարգող ու փոխլրացնող բազմազանություն, որտեղ բոլորը ենթարկվում են ժողովրդավարության նույն կանոններին՝ անկախ ինքնության բազմազանություններից: Հետեւաբար, Հայաստանը պետք է նախանշի ժողովրդավարական միջազգային չափանիշներին հնարավորինս արագ եւ լիովին համապատասխանելու ու ժողովրդավար միջազգային հանրույթի լիիրավ անդամը դառնալու նպատակը եւ իրական, այլ ոչ ձեւական քայլեր իրականացնի այդ ուղղությամբ: Արժանվույնս գնահատելով ժամանակի նշանակությունը արդի աշխարհում ու նաեւ պատմության մեջ, մենք դեմ ենք անհարկի հապաղմանն ու սպասողական կեցվածքին: Դեպի լիակատար ժողովրդավարություն տանող ցանկացած որոշում ու քայլ կուսակցության համար ժամանակավրեպ չեն կարող համարվել”:

ՀԱԿ-ը դեռևս չունի հրապարակված միասնական ծրագիր, այդ պատճառով արտաքին քաղաքականությանը վերաբերող կոնգրեսի հիմնական դիրքորոշումները պատկերացնելու համար կուսումնասիրենք դրա կազմի մեջ մտնող մի քանի կուսակցությունների ծրագրերը: Կուսակցություններն ընտրված են ըստ անդամների քանակի: Առանձնացրել ենք ՀՀՇ-ն՝ (7,500 անդամ), Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (30,000 անդամ) և “Հայոց հայրենիք” կուսակցությունը (13,200 անդամ):

ՀՀՇ-ն արտաքին քաղաքականության առաջնայնությունների մեջ առանձնացնում է Ինտեգրումը միջազգային` հատկապես եվրոպական կառույցներին:

“Հայոց հայրենիք” կուսակցությունը նշում է, որ պետք է եվրաինտեգրվել` ազգային հոգեկերտվածքի պահպանմամբ: Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) նույնպես Եվրաինտեգրումը համարում է արտաքին քաղքականության գերակա ուղղություն:

ՀՅԴ-ն նշում է, որ կուսակցության նպատակադրումը Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը:

ՀՀԿ-ն անհրաժեշտ է համարում Եվրոպական Միության անդամ երկրների հետ փոխշահավետ համագործակցությամբ և եվրաընտանիքին լիարժեքորեն ինտեգրվելու նպատակային քաղաքականությամբ` նպաստել պետության համակողմանի զարգացմանը:

 ՕԵԿ-ը կարևորում է եվրոպական կառույցներին ակտիվ ներգրավումը` գլխավոր նպատակ ունենալով անդամակցել Եվրամիությանը: Եվրաինտեգրումը գերակա է համարում ՀՀ արտաքին քաղաքականության համար:

Ընդհանուր առմամբ, կարելի է եզրակացնել, որ բոլոր կուսակցություններն էլ մեծ նշանակություն են տալիս եվրաինտեգրմանը և այն համարում են ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություն: Հիմնական տարբերությունը կայանում է նրանում, որ ոմանք անդամակցությունը ԵՄ-ին դիտարկում են որպես գլխավոր նպատակ, իսկ մյուսներն առաջնային են համարում ընդհանուր ինտեգրումը կառույցների գործունեությանը և համագործակցության խորացումը: