ՄԽ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՈՂ ԵՐԿՐՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը, Հիլարի Քլինթոնը և Ալան Ժյուպենը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` Արցախյան հակամարտության կողմերին կոչ անելով ցուցադրել քաղաքական կամք հակամարտության գործընթացում խաղաղ կարգավորման հասնելու համար:

«Միայն բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորումը կհանգեցնի խաղաղության և կայունության: Ուժի կիրառման ցանկացած փորձ ավելի շատ տառապանք կբերի տարածաշրջանին»,- նշվում է հայտարարության մեջ:

«Տարածաշրջանի երկրները շատ են տուժել վերջին պատերազմից, և բանակցային գործընթացում ցանկացած ձգձգում միայն կերկարացնի այդ տառապանքները: Նոր սերունդը չի հիշում, թե ինչպես են հայերը և ադրբեջանցիները ապրել կողք կողքի, և սա ավելի է խորացնում պատերազմի վերքերը: Այդ իսկ պատճառով կողմերի ղեկավարներին կոչ ենք անում նոր սերնդին նախապատրաստել խաղաղության և ոչ թե պատերազմի»:

Համանախագահ երկրներն իրենց հայտարարությունում նաև կոչ են անում «երկու կողմերին հնարավորինս արագ ավարտել համաձայնագրի աշխատանքները և վերջնական որոշում ընդունել` հիմնվելով Հելսինկյան ակտի սկզբունքների վրա»:

23.03.2012