Հայկական քաղաքական կուսակցություններ. ներկայացվածությունը Եվրոպայում

ՀՀ եվրաինտեգրումը բազմաչափ գործընթաց է, որը Հայաստանի եվրոպական ինտեգրման տարբեր ուղղություններ է ենթադրում, որոնցից մեկը քաղաքականն է: Շատ հայկական քաղաքական ուժեր արդեն սկսել են եվրոպական համապատասխան կառույցներին ինտեգրման գործընթացը:

Այսպես, օրինակ, «Հայաստանի Համազգային Շարժումն» (ՀՀՇ) իր «լիբերալ-ժողովրդավարական» կողմնորոշմամբ հանդիսանում է Եվրոպական լիբերալ-դեմոկրատական ռեֆորմիստական կուսակության (ELDR) անդամ: ՀՀՇ-ի՝ վերջինիս միացման մասին որոշումը կայացվել է 2010թ. մարտի 12-ին կուսակցության ղեկավարության՝ Հռոմում տեղի ունեցած նիստի ընթացքում:

Արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներն այդ ժամանակ նշեցին. «այսուհետ կուսակցության երկուական անդամներ կմասնակցեն Եվրոպայում ԵԼԴՌԿ նիստերին»: Նշենք, որ ԵԼԴՌԿ-ն լայն ներկայացվածություն ունի Եվրոպական Խորհրդարանում եւ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում: Եվրոպական լիբերալ-դեմոկրատական ռեֆորմիստական կուսակության մեջ է մտնում 56 կուսակցություն Եվրոպայի 30 երկրներից:

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» (ՀՅԴ) Կուսակցությունը հայկական քաղաքական ամենահին կուսակցություններից է եւ հետեւում է «ժողովրդավարական սոցիալիզմ» գաղափարախոսությանը: 1907-1960թթ. ՀՅԴ-ն եղել է Սոցիալիստական Ինտերնացիոնալի անդամ: 1996թ.-ից սկսած՝ այն շարունակում էր մասնակցել Սոցինտերնի աշխատանքներին՝ դիտորդի կարգավիճակով, 1999թ. ստացել է խորհրդակցական կարգավիճակ, իսկ 2002թ.-ին վերականգնել է այս կազմակերպության լիիրավ անդամությունը: Հատկանշական է, որ «Հայ Դատի» Կենտրոնական Գրասենյակի եւ Հայ Հեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ)՝ քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը ՀՀ բոլոր քաղաական ուժերը համարում է ՀՅԴ գաղափարախոսական մրցակիցներ, քանի որ «դրանք բոլորը հանդիսանում են կենտրոնամետ աջակողմյան ուժեր»:

 «Դաշնակցությունը միակ կուսակցությունն է ԱՊՀ տարածքում, որը Սոցինտերնի լիիրավ անդամ է հանդիսանում եւ որին հրավիրում են մասնակցելու եվրոպական սոցիալիստների համագումարներին»,- ընդծում է Մանոյանը:

Նշենք նաեւ, որ Սոցինտերնը Եվրախորհրդարանում ներկայացված է Եվրոպական սոցիալիստների Կուսակցության՝ «Սոցիալիստների եւ դեմոկրատների առաջադեմ դաշինքի» խմբակցության միջոցով:

Հայկական «Ժառանգություն» Կուսակցությունը քաղաքական կուսակցություն է ազատական տնտեսական եւ կառավարման ժողովրդավարական համակարգի ուղղվածությամբ: Չնայած հայտարարված լիբերալ-դեմոկրատ գաղափարախոսությանը՝ այն ELDR անդամ չէ: Սակայն ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը ներկայացված է Եվրոպայում. վերջերս կուսակցությունը դիտորդի կարգավիճակով անդամակցեց Եվրոպական ժողովրդավարական կուսակցությանը:

Իշխանական «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը» (ՀՀԿ) պահպանողական ուղղվածություն ունի: Այն աջակողմյան կուսակցություն է՝ ազգային-պահպանողական գաղափարախոսությամբ: Հատկանշական է, որ «ազգային պահպանողականություն» տերմինի բնութագրության մեջ նշվում է, որ այն պահպանողականության տարատեսակ է, որն առավելապես կենտրոնացած է ազգային շահերի վրա, եւ, որպես կանոն, ավանդական սոցիալական եւ բարոյագիտական հայացքներ ունի:

Որոշ փորձագետներ կարծում են, որ եվրոպական համատեքստում, ի տարբերություն բաց ազգային եւ ծայրահեղ աջակողմյան մոտեցումը չընդունող սովորական պահպանողականության, «ազգային պահպանողականությունը» առավել հակված է եվրահոռետեսության:

Շատ ազգային-պահպանողականներ սոցիալ-պահպանողականներ են եւ հանդես են գալիս դեպի Եվրոպա իմիգրացիայի (ներգաղթ) սահմանափակման օգտին: Ընդ որում, ՀՀԿ-ն եվրաինտեգրման ուղղություն բռնած կուսակցություն է, ինչն ընդգրկում է նաեւ Հայաստան-Եվրոպա քաղաքական համագործակցությունը: 2012թ.-ից Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը դիտորդի կարգավիճակով անդամակցում է Եվրոպական Ժողովրադական կուսակցությանը:

«Օրինաց երկիր» Կուսակցությունը կենտրոնամետ գաղափարախոսություն ունի: Այն եւս վերջերս ստացել է Եվրոպական Ժողովրդական Կուսակցության դիտորդի կարգավիճակ՝ դառնալով Եվրոպայում ներկայացված 5-րդ հայկական կուսակցությունը:

«Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական միությունը» ներկայումս ՀՀ ԱԺ մաս չի կազմում, սակայն 2008թ.-ից այն ներկայացված է Եվրոպայում: 2008թ. հունիսից «Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական միությունը» Եվրոպական քրիստոնեական քաղաքական շարժման անդամ է: