
ԵՆԲ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԽՈՐԱՑՎԻ
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր` մարտի 27-ին, ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը` Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում վարկային գործառնությունների բաժանմունքի ղեկավար Ֆիլիպ Սզիմչակի գլխավորությամբ:
Անդրադարձ է եղել Հայաստանում ԵՆԲ ներգրավվածությամբ մի շարք ծրագրերի իրականացմանը` այդ թվում սահմանային ենթակառուցվածքների բարեփոխման համալիր ծրագրի ընթացքին վերաբերող հարցերի:
ԵՆԲ ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Արեւելյան Գործընկերության շրջանակներում բանկին տրվել է գործունեության առավել ընդգրկուն շրջանակ` խորացնելու համագործակցությունը Արեւելյան Գործընկերության երկրների` այդ թվում Հայաստանի հետ: Այս համատեքստում կողմերը քննարկել են ԵՆԲ մասնակցությամբ մի շարք նոր նախաձեռնությունների իրականացմանն առնչվող հարցեր:
Քննարկվել է նաեւ առաջիկայում Երեւանում Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի եւ ԵՄ այլ հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային համաժողովի կազմակերպման հարցը:
28.03.2012