Ամուր և հզոր հնարավոր է լինել, եթե…

Գաղտնիք չէ որ այսօր Հայաստանը կանգնած է մի հսկա խնդրի, այն է` արտագաղթի առաջ: Մի շարք ծանրակշիռ պատճառների շարքում այսօր կառանձնացնեմ ըստ իս կարևորներից մեկը: Հայաստանը լքող մարդկանցից շատերը պնդում են, որ այդ քայլին դիմում են ծանր սոցիալ-տնտեսական դրությունից ելնելով և հատկապես աշխատանք չլինելու պատճառով:

Երբ այս խնդրին փորձում եմ մոտենալ ոչ միակողմանիորեն, այն է` հասկանալ, թե դա ինչքանով է օբյեկտիվ և/կամ ինչքանով սուբյեկտիվ, ինձ համար պարզ է դառնում, որ ներկա իրավիճակի համար պատասխանատու է ինչպես պետությունն ի դեմս  կառավարությանն, այնպես էլ պատասխանատու ենք մենք` ինքներս:

Մենք մեղավոր ենք այնքանով, որ հեղինակավոր մասնագիտություններին և ձևականություններին զարկ տալով վերջում հայտնվում ենք այնպիսի դիպլոմ ձեռքներումս, ինչպիսին մեզ նման հարյուրավորներն ունեն մեր երկրում: Հետո սկսում ենք բողոքել մեր մասնագիտությամբ աշխատանք չգտնելուց: Արդյունքնում կամ ուրիշ` ոչ մեր մասնագիտությամբ աշխատանքի ենք անցնում (լավագույն դեպքում), կամ բռնում օտարության ճամփան (լայնորեն տարածված դեպքերում):

Պետության «մեղքի» բաժինն այն է, որ մինչ օրս աշխատանքային առաջարկի և պահանջարկի շուկայի ձևավորման հստակ քաղաքականություն դեռևս մշակված կամ միգուցե, ավելի ճիշտ` իրականացված չէ: Կարծում եմ վաղուց գաղտնիք չէ, որ մեր երկիրը «համընդհանուր պահանջարկ վայելող» բնական ռեսուրսների հարստությամբ բնավ աչքի չի ընկնում, համենայն դեպս դեռ, և որ եղած ռեսուրսներն էլ բավականին անհավասարաչափ են բաշխված բնակչության շրջանում: Իսկ ամուր և հզոր պետականություն ունենալու ցանկության դեպքում  պետք է ունենալ հզոր սոցիալ-տնտեսական ծրագրեր` և մշակած և գործի կոչած:

Կարճաժամկետ արդյունքի հասնելու համար եթե ոչ ռեսուրսների անհավասարաչափ բաշխումը հավասարակշռելու, ապա գոնե եղած աշխատաշուկայի պահանջները բավարարելու նպատակով կարելի է վերացնել աշխատաշուկայում պահանջարկի և առաջարկի միջև գոյացած մեծ անդունդը : Որպես նման քաղաքականության միջոց կարող է ծառայել հետևյալը: Օրինակ` պետք է հենց միջնակարգ կրթոջախներում, որտեղ ուսանում է երկրի ապագա աշխատուժը, վարել պահանջվող մասնագիտությունների արդյունավետ քաղաքականություն: Կարծում եմ ես ոչ առաջինն եմ, ոչ էլ վերջինը որ այս միտքն եմ արտահայտում, ինչևէ, հույս ունեմ, որ հերթական անգամ հնչեցնելով` կնպաստեմ, որ այն զուտ գրվածքից նկատվի նաև իրականության մեջ:

Նմանատիպ քայլերով միգուցե մոտենանք ամուր պետության մեր տեսլականին, այ իսկ 21-րդ դարում հզոր լինելու համար, ըստ իս, պետք է անհապաղ և մեծ ծավալներով զարկ տալ նորարարական տեխնոլոգիաների զարգացմանը և այս ոլորտում որակյալ կադրեր պատրաստելուն: Տվյալ դեպքում երկրի թե չափսը, թե բնական ռեսուրսների առկայություն-բացակայությունը մղվում են երկրորդական, եթե ոչ ամենավերջին պլան:

Իսկ եթե այս ամենը անձնական (ազգային) շահի հարթակից տեղափոխենք արտաքին քաղաքականություն, ապա պարզ է հետևյալը. ի վերջո անգամ եվրաինտեգրման գործընթացում ընդհանրապես և Արևելյան գործընկերության շրջանակում մասնավորապես շոշաթելի հաջողությունների կարող ենք հասնել մրցունակ մտավոր ներուժի շնորհիվ: Չէ՞ որ տարածաշրջանում էներգետիկ-տնտեսական գործոններով շահագրգռված Եվրոպայի հետ արդյունավետ գործընկերություն իրականացնելու համար մենք կարող ենք ապահովել տարածաշրջանում գիտատեխնոլոգիապես արագ զարգացող կենտրոն:

Հ.գ. Այս ամենը եթե պետական մակարդակով չիրականանա, ապա վաղ թե ուշ (հուսամ ոչ շատ ուշ) երկրում դեռ մնացած և արդեն ձևավորված քաղաքացիական հասարակության շնորհիվ հնարավոր կդառնա:

Հեղինե Նազարյան