Շոտլանդական կիլտերն ու հայկական տարազը

Վերջերս մի հաղորդաշար էի դիտում՝ նվիրված Շոտլանդիային, երկրի ավանդույթներին, մշակույթին, քաղաքական համակարգին ու այլ առանձնահատկություններին։ Երկրի գեղեցկությամբ հիանալուց բացի, հիացա հասարակության մտածողությամբ, ազգայինը պահպանելու, երիտասարդ սերնդին ազգային ավանդույթների շնչով դաստիարակելու ու սեփական պատմությունը բարձր գնահատելու ունակությամբ։ Եվս մեկ անգամ համոզվեցի, որ մեր ընտրած ուղին ճիշտ է, իսկ մեղադրանքները, թե եվրաինտեգրումը ձուլմանն ու ազգային դեմքը կորցնելուն է բերելու՝ անհիմն ու սխալ։

Եվրոպան, և մասնավորապես ԵՄ-ն, ձուլման մեխանիզմ, միասնական մշակույթ կամ մեկ ազգ ձևավորելու գործիք չեն, այլ միասին ապրելու, բազմազանության մեջ ընդհանուր շահը պաշտպանելու վրա հիմնաված միություն։ ԵՄ-ն տնտեսական համագործակցության վրա հիմնված ազգային պետությունների միություն է, ինչը բոլորովին չի խանգարում անգլիացուն անգլիացի, իսկ գերմանացուն գերմանացի մնալ։

Ազգայինի պահպանման բանալին ուրիշներից հեռու մնալն ու չհարաբերվելը չէ, այսօր ապրել միայն քո երկրի սահմաններով, այն էլ մեր պես մեծ Սփյուռք ունեցող երկրի համար, անհնար է։ Եվ հայրենասիրությունն ու ազգասիրությունը բոլորովին էլ ինտեգրումը քննադատելու և եվրոպական արժեքների մերժողականության մեջ չէ։ Հայրենասիրությունը երիտասարդ սերնդի ճիշտ դաստիարակության մեջ է, հնուց եկած ավանդույթն առօրյա կյանքի մի մասը դարձնելու մեջ, անցյալը ներկայի հետ սինթեզելու, իսկ եվրոպականը քո ազգայինով համեմելու մեջ է։

Ինչո՞ւ շոտլանդացիները կարող են իրենց ավանդական կիլտերով քայլեր Էդիմբուրգի փողոցներով և ծիծաղելի չթվալ, իսկ կարո՞ղ եք մի պահ փողոցում հայկական տարազով մարդ պատկերացնել… Ինչո՞ւ շոտլանդացի երեխան կարող է յուրաքանչյուր պատմության դաս անցկացնել համատասխան ամրոցում, իր աչքով տեսնել ու իր ձեռքերով շոշափել պատմությունը, իսկ հայ աշակերտը թանգարան այցելում է դպրոցական տարիների ընթացքում ընդամենը մեկ-երկու անգամ։ Ինչո՞ւ են Էդիմբուրգի նոր շինությունները կառուցվում միջնադարյան ճարտարապետության ոճին համահունչ, իսկ Երևանյան նոր շենքերը ապշեցնում են իրենց անհամատեղելիությամբ հների հետ։ Այս «ինչու»-ները շատ են, սակայն դրանց պատճառը բոլորովին էլ եվրոպական կամ մեկ այլ աշխարհին ինտեգրվելը չէ, խնդիրը մեզանից յուրաքանչյուրի գիտակցությունն է, մեր մտածողությունը։

Եկեք մի պահ հայացք նետենք մեր ավանդույթներին, գեղեցիկ ծեսերին ու հարուստ պատմությանը, գտնենք դրանք մեր կյանք վերադարձնելու ամենից ժամանակակից, հետաքրքիր ու գրավիչ ձևերը։ Պահպանենք այն, ինչ մերն է, գեղեցիկ ու հետաքրքիր է։ Եվրաինտեգրում երբեք չի նշանակում ազգային դեմքի ոչնչացում, ինտեգրումը միայն հարստացում է։

Աննա Կարապետյան