ՍԱՐԿՈԶԻՆ ՊԱՐՏՎԵԼ Է ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼՈՒՄ

Ֆրանսիայի նախագահական ընտրություններում, ձայների 99.9%-ի հաշվարկի արդյունքում, սոցիալիստ թեկնածու Ֆրանսուա Օլանդը ավելի քան 1.5%–ով գերազանցում է գործող նախագահ Նիկոլա Սարկոզիին։ Օլանդը հավաքել է ձայների 28.61%–ը, իսկ Սարկոզին՝ 27.08%–ը։

Երրորդ տեղը զբաղեցրել է «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենը՝ հավաքելով ձայների 18.05%–ը՝ և այդ կերպ գերազանցելով իր հոր՝ Ժան–Մարի Լե Պենի ցուցանիշը, ով 2002թ. նախագահական ընտրությունների առաջին փուլում հավաքել էր 16.86%։
Այսպիսով, Օլանդը և Սարկոզին վերջնական հաղթանակի համար կպայքարեն երկրորդ փուլում, որը տեղի կունենա մայիսի 6-ին։

Առաջին փուլում տարած հաղթանակից անմիջապես հետո ելույթ ունենալով՝ Օլանդը շնորհակալություն հայտնելով ընձեռված վստահության համար, նաև ակնարկել է մյուս թեկնածուների աջակցության մասին, ինչին արդեն արձագանքել են «Ձախ ճակատի» առաջնորդ Ժան–Լյուկ Մելանշոնը՝ 11.4% և «Կանաչների» թեկնածու Էվու Ժոլին՝ 2.5%։

Ի դեպ, վերջին անգամ սոցիալիստները Ֆրանսիայի բարձրագույն պաշտոնի համար պայքարում հաջողության են հասել 1988թ., երբ Ֆրանսուա Միտերանը երկրորդ անգամ առաջադրվելով հաղթանակ տարավ Ժակ Շիրակի նկատմամբ։

23.04.2012