Չդատապարտված հանցագործությունները նոր հանցագործությունների սկիզբն են

Օր օրի աճում է երկրների և անհատների քանակը, ովքեր պատկերացնում և հասկանում են, որ չճանաչված և չդատապարտված հանցագործությունները նոր հանցագործությունների անուղղակի հրահրման գործիք են դառնում: Սա շատ ավելի լուրջ է դառնում հատկապես մարդկության դեմ գործած հանցագործությունների դեպքում:

Ցանկալի կլիներ, իհարկե, որ մարդկության դեմ գործած հանցագործությունների` ցեղասպանությունների ճանաչմանը զուգահեռ փոխվեր նաև դրանց հեղինակների մտածելակերպն ու հետագա քաղաքականությունը: Շատ ավելի կարևոր է, իհարկե, մտածելակերպի փոփոխությունը, քանի որ քաղաքականությունը մշտապես պայմանավորված է լինելու շահերով, այլ ոչ թե սկզբունքներով ու արժեքներով, թեկուզև համամարդկային:

Կարծում եմ` բոլորը համաձայն կլինեն, որ պետք է ողջ աշխարհը համախմբվի այս հարցի շուրջ` ստիպելով նման ոճրագործությունների բոլոր հեղինակներին քաջություն ունենալ ընդունել անցյալի սխալներն ու վերանայել քաղաքականությունը:

Աշխարհասփյուռ բոլոր հայերը հավերժ շնորհակալ կլինեն բոլորին` անցյալ դարասկզբին հայ ժողովրդին վիճակված այդ մեծ աղետն իր իսկական անունով՝ Ցեղասպանություն կոչելու և այն օրենքի ուժով դատապարտելու համար:

Ցեղասպանություն վերապրած բոլոր ժողովուրդները պետք է միահամուռ կերպով շարունակեն հնչեցնել ողջ աշխարհին ուղղված ահազանգ` հանուն ողջ մարդկության և քաղաքակիրթ աշխարհի զերծ պահել մեր մոլորակը համամարդկային աղետներից:

Հայկուհի Կաթրջյան