ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐ ՔԼԻՆԹՈՆԸ ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՄԵԾԱՐՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ներկա գտնվեց ԱՄՆ դեսպանության, «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության, Մեծ Բրիտանիայի դեսպանության, ԵԱՀԿ և ԵՄ գրասենյակների կողմից կազմակերպված համընդհանուր իրավունքներին նվիրված մրցանակների հանձնման արարողությանը, որով մեծարվում էին այն անհատները, ովքեր հանդես են գալիս Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, հաշվետու կառավարման ու ազատ խոսքի խթանման դիրքերից: Պետքարտուղար Քլինթոնը իր խոսքը հղեց միջոցառման մասնակիցներին և  առանձին հանդիպում ունեցավ մրցանակներ ստացած անձանց հետ: Համընդհանուր իրավունքներին նվիրված մրցանակների հանձնման այս միջոցառումը միջազգային կառույցների առաջին համատեղ նախաձեռնությունն էր` ուղղված Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում քաղաքացիական ակտիվիստների, պետական պաշտոնյաների ու ԶԼՄ ներկայացուցիչների ներդրումների ներկայացմանը: Միջոցառմանը ներկա էին  ՀՀ պետական պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագետներ, ՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Միջոցառումը բացեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջաթինդեր Չիման`Արթուր Սաքունցին հանձնելով «Ազատության պաշտպանի» մրցանակը: «Արթուր պաշտպանում է բոլոր փոքրամասնություններին, հատկապես նրանց, ովքեր անհանդուրժողականության թիրախ են դառնում, ինչպիսիք են` էթնիկ, կրոնական և սեռական փոքրամասնությունները: Նա չի վախենում արտահայտել այնպիսի դիրքորոշումներ, որոնք համընդհանուր հավանության չեն արժանանա. Նա մշտապես աշխատում է Հայաստանում հանդուրժողականությունն առավել մեծացնելու ուղղությամբ»:

«Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության ղեկավար Ալեքս Սարդարը զինվորական բարեփոխումներին ուղղված աշխատանքների համար Ծովինար Նազարյանին հանձնեց «Խիզախ կին» մրցանակը: «Ծովինարը կարող է հպարտանալ, որ դերակատարում է ունեցել զինված ուժերի բարեփոխումները խրախուսելու հարցում, ինչն էլ կհանգեցնի Հայաստանում առավել ժամանակակից, արդյունավետ ու մարդասիրական ուժեր ունենալուն», – ասաց Ալեքս Սարդարը:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվզը ոստիկանության բարեփոխումներում, հատկապես` ոստիկանության կրթական համակարգի դրական տեղաշարժերում ունեցած դերակատարման համար մրցանակ հանձնեց փոխոստիկանապետ գեներալ-մայոր Արթուր Օսիկյանին: «Թափանցիկ, հաշվետու ոստիկանություն, որը ծառայում է Հայաստանի քաղաքացուն, նման ոստիկանության հիմք է օգնում դնել Արթուր Օսիկյանը», – ասաց դեսպան Էյվզը:

ԶԼՄ-ների գերազանցության մրցանակը Epress.am-ի խմբագիրներ Սոնյա Ապրեսովային, Յուրի Մանվելյանին և Արմեն Մելիքբեկյանին հանձնելով` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սորոկինը գովեստի խոսքեր ասաց նրանց` արդարացի ու հավասարակշռված լուսաբանումների ու մարդու իրավունքներին վերաբերող հարցերը ուշադրության կենտրոնում պահելու համար: Դեսպան Սորոկինը նշեց. «Մարդու իրավունքներին վերաբերող հարցերի լուսաբանումը Epress-ի կողմից կարևոր նշանակություն ունի հասարակության իրազեկման ու հանրային բանավեճի ձևավորման համար:  Այս կարգի լրատվության ապահովումը կարևոր բաղադրիչ է Հայաստանի ժողովրդավարական զարգացումներում»:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Թրայան Հրիստեան Հայաստանում բնության պահպանությանն  ուղղված քարոզչության համար մրցանակ հանձնեց բնապահպան-ակտիվիստներ Ապրես Զոհրաբյանին, Եղիա Ներսիսյանին, Գոռ Հակոբյանին, Մարի Խաչատրյանին և Ռուզաննա Գրիգորյանին: «Քաղաքացիական ակտիվիստների նվիրումի և վճռականության շնորհիվ է, որ տարվա ընթացքում եղան կարևոր բնապահպանական հաղթանակներ: Այս մրցանակը ոչ միայն կատարված աշխատանքի համար է, այլ նաև Հայաստանում նրանց հետագա աշխատանքների խրախուսման համար», – ասաց դեսպան Հրիստեան: