ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԺ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ Է ԵԽԽՎ ՆՍՏԱՇՐՋԱՆԻՆ

Հայաստանի ԱԺ պատվիրակությունը հունիսի 25-29-ին մասնակցելու է ԵԽԽՎ նստաշրջանին

Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը մասնակցելու է հունիսի 25-29-ին Ստրասբուրգում կայանալիք Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի աշխատանքներին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը:

Վերջինս, սակայն, չնշեց, թե ովքեր են ընդգրկված հայկական պատվիրակության կազմում` ընդգծելով, որ պատվիրակության կազմը հաստատելու է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ի դեպ, Ազգային ժողովում առայժմ չեն ձեւավորվել միջազգային կառույցներում հայաստանյան պատվիրակությունների կազմերը: Դավիթ Հարությունյանի խոսքով, ըստ ԱԺ Կանոնակարգ-օրենքի` դրա համար Ազգային Ժողովն ունի վեց ամիս ժամկետ:

Հարցին, թե Հայաստանին վերաբերող հարցեր ընդգրկվա՞ծ են ԵԽԽՎ ամառային նստաշրջանի օրակարգում, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Առանձնահատուկ Հայաստանին վերաբերվող հարց չի քննարկվելու, սակայն Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ է, եւ բնականաբար կան զեկույցներ, որոնք առնչվում են Հայաստանին, ինչպես Եվրոպայի խորհրդի ցանկացած երկրի»: