«ՄԻԱՍԻՆ»

2011թ. հոկտեմբերին «Եվրոպական ինտեգրացիա» (Երևան), «Հումանիտար հետազոտությունների հանրություն» (Բաքու) և «Ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ» (Ստեփանակերտ) հասարակական կազմակերպությունները` «Ռազմավարական հետազոտությունների միջազգային կենտրոն» (Վրաստան) հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ և ԱՄՆ կառավարության աջակցությամբ սկսեցին իրականացնել «Միասին» խաղաղասիրական ծրագիրը: Ծրագրի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանի երաժիշտները, պոետները, դիզայներները, PR մասնագետները, լուսանկարիչներն ու «կլիպմեյքերները» ներկայացրին «Խաղաղություն» թեմայով իրենց գաղափարներն ու աշխատանքները: Ծրագրի կազմակերպիչների մտահղացմամբ խաղաղաստեղծ գործընթացի մեջ ներգրավվեցին արվեստի ներկայացուցիչները, որոնք մինչ այդ հակամարտության կողմերի միջև երկխոսության կառուցման գործընթացում ակտիվ ներգրավում չեն ունեցել:

Ինն ամիսների ընթացքում հեղինակային խմբերի կողմից ներկայացվեցին մոտ 100 աշխատանքներ՝ «Խաղաղություն» թեմայով ատրիբուտներ, լոգոտիպներ, կարգախոսներ, բանաստեղծություններ, մեղեդիներ, լուսանկարներ ու տեսահոլովակներ: Բոլոր աշխատանքները հասարակության դատին հանձնվեցին Facebook սոց. ցանցի “Project “Together!”/Events էջում: Անանուն քվեարկությունից հետո (աշխատանքների հեղինակների անունները նշված չէին) ամենից շատ ձայներ հավաքած աշխատանքների հեղինակները երկու փուլով հանդիպեցին Թբիլիսիում, որտեղ արդեն միասնական աշխատանքի արդյունքում ստեղծվեցին Խաղաղության լոգոտիպը, կարգախոսը, բանաստեղծությունը, մեղեդին, լուսանկարը և տեսահոլովակը:

Հետաքրքիր է, որ ծրագիրն իրականացվում էր առանց արտասահմանյան մոդերատորների. սկզբից մինչև վերջ կողմերն աշխատել են անմիջական ուղիղ հաղորդակցմամբ: Ծրագրի արդյունքը եղավ Թբիլիսիում հանդիսավոր պայմաններում «Խաղաղության» ատրիբուտների շնորհանդեսը, որը կայացավ հունիսի 16-ին: Միաժամանակ անցկացվեց ծրագրին մասնակցած «Խաղաղություն» թեմայով լուսանկարների ցուցահանդեսը, «Խաղաղություն» երգի պրեմիերան, որը կատարում են Մհերը (Հայաստան), Լեյլա Մամմադովան (Ադրբեջան) և Հայկ Ղուլյանը (Ղարաբաղ), ներկայացվեց ծրագրի լոգոտիպը՝ «Միասին խաղաղությանն ասենք ԱՅՈ» կարգախոսով, ծրագրի տեսահոլովակը և լուսանկարը:

Խաղաղության ատրիբուտներին կարող եք ծանոթանալ մեր կայքի բաժիններում: “Շաբաթվա տեսանյութ” բաժնում տեղադրված է նախագծի տեսահոլովակը, “Երաժշտական առաջարկ” բաժնում` նախագծի երգը և “Արվեստ” բաժնում` նախագծի լուսանկարը:

Նշենք, որ «Միասին» ծրագրի երգը, լոգոտիպը, կարգախոսը, տեսահոլովակն ու լուսանկարը մասնակից կողմերի ներկայացուցիչների համահեղինակության արդյունք են:

Նշված ստեղծագործական մասնագիտությունների ներկայացուցիչները մասնակցել են ծրագրին միայն ու միայն գաղափարական շարժառիթով: Շահագրգռող որևէ այլ բաղկացուցիչ ծրագրով նախատեսված չի եղել:

«Միասին» ծրագրի բոլոր մասնակիցներին շնորհվեցին մրցանակներ և պատվոգրեր, որոնք ստորագրված էին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ռոբերտ Բրադկեի կողմից: Կազմակերպիչներին և մասնակիցներին միավորում էր ընդհանուր հավատը, որ նման ծրագրերը թեկուզ մեկ քայլով, մեկ նոտայով մոտեցնում են բոլորիս կողմից երկար սպասված խաղաղությունը:

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ