ՂԱԶԱԽՍՏԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ. ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Քաղաքակրթությունների բախման հանտինգտոնյան տեսությանն այսօր հակադրվելու, ինչու ոչ, փոխարինելու է եկել քաղաքակրթությունների երկխոսության տեսությունը: Կրոնական, ազգային, քաղաքակրթական հանդուրժողականություն, փոխլրացում և համագործակցություն. այս թեմաներն էին քննարկվում հունիսի 25-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում կայացած “Ղազախստան-Հայաստան. քաղաքակրթությունների երկխոսություն” կլոր սեղան-սեմինարի ընթացքում:

Սեմինարն անց էր կացվում “Եվրոպական Ինտեգրացիա” հասարակական կազմակերպության կողմից Հայաստանում Ղազախստանի դեսպանատան աջակցությամբ իրականացվող “Ղազախստան. բազմամշակույթ և յուրօրինակ” ծրագրի շրջանակներում: Արդեն երրորդ տարին է, ինչ “Եվրոպական Ինտեգրացիա” ՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում հայկական հասարակությանն է ներկայացվում Ղազախստանը՝ մշակութային, քաղաքական, հասարակական և բազում այլ առանձնահատկություններով: Հատկանշական է, որ սեմինարները հիմնականում անց են կացվում ՀՀ տարբեր մարզերում՝ ապահովելով առավել մեծ ընդգրկում և հարուցելով մարզերի երիտասարդության և մասնագետների հետաքրքրությունը:
Կլոր սեղանի ընթացքում զեկույցներով հանդես եկան ԵՊՀ դասախոս Նաիրա Մկրտչյանը, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթևոսյանը և ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատան խորհրդական Ալմատ Տոեկինը:
Ուսանողներին ներկայացվեց ղազախական հասարակությանը հատուկ կրոնական և ազգային հանդուրժողականությունը, երկխոսության կառուցման ղազախական մոդելն ու դրա ունեցած հաջողությունները: Ղազախստանում այսօր կողք կողքի բնակվում են 130-ից ավելի ազգություններ, 40 կրոնական ուղղությունների և կրոնների ներկայացուցիչներ, նրանք բոլորը ներկայացված են Ղազախստանի ժողովրդի ասամբլեայում, որտեղ քննարկվում են նրանցից յուրաքանչյուրին հուզող հարցերն ու կանխվում՝ հակասությունները: “Երկխոսությունը հնարավորություն է տալիս խնդիրները դիտել դրանք լուծելու տեսակետից”,-նշեց Ալման Տոեկինը: Պատահական չէ, որ Ղազախստանի նախաձեռնությամբ և հենց Ղազախստանում է պարբերաբար անցկացվում Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների համաժողովը, որտեղ ներկայացված Է նաև Հայ Առաքելական եկեղեցին:

Համագործակցությունն այլ ազգերի հետ ու հանդուրժողականությունը բնորոշ է ինչպես հայերին (հաշվի առնենք մեր բազմամիլիոնանոց Սփյուռքն աշխարհի տարբեր երկրներում), այնպես էլ ղազախներին, որոնք իրենց երկրի սահմաններում խաղաղ բնակվում են այդքան ազգերի ներկայացուցիչների հետ: Ի դեպ, փոքր չէ նաև հայկական համայնքը, այսօր այն հասնում է 45 հազ.-ի: Ղազախստանը, լինելով մահմեդական երկիր, ոչ միայն ԱՊՀ երկրների, այլև թյուրքական աշխարհի մշակութային կենտրոնն է: Այն յուրահատուկ կամուրջ է Արևելքի և Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի միջև: Այդ բազմազանությունն ու աշխարհագրական դիրքով պայմանավորված դերը բազմավեկտորություն են թելադրում նաև արտաքին քաղաքականության մեջ: Ղազախստանն այսօր, սերտ տնտեսական կապեր ունենալով հարևան Չինաստանի հետ, առաջ է մղում Եվրասիական միություն ստեղծելու գաղափարը՝ միաժամանակ մշակելով “Ուղի դեպի Եվրոպա” քաղաքականության ռազմավարությունը:
Գլոբալ խնդիրներն այսօր նոր մոտեցումներ են պահանջում, և դրանց հիմքում պետք է ընկած լինի երկխոսությունն ու համագործակցությունը, շահերի համադրումն ու փոխլրացումը: Այս ուղիով է առաջ շարժվում Ղազախստանը և նրա օրինակը կարող է ուսուցանող լինել շատերի համար: