Չկա կատարելություն, կան կատարյալ արժեքներ…

Հաճախ կյանքը նմանեցնում եմ անընդհատ պտտվող անիվի. անիվը միշտ նույնն է, այն պտտեցնողներն են տարբեր` Մարդիկ:

Անիվի յուրաքանչյուր պտույտն ամփոփում է Մարդկանց ճակատագրեր, պատմական իրադարձություններն ու անընդհատ կռիվ, կռիվ, կռիվ…

Ու ամեն ինչ հարաբերական է, անգամ, երբ ասում են` Մարդիկ տարբեր են: Ի վերջո, ուրախ, թե տխուր, գոհ, թե ոչ այքան, բոլորն էլ կոչված են պտտելու այդ անիվը, որը, ժամանակ կոչենք, թե կյանք, նույն այդ Մարդկանց մոտ ասոցացվում է մեկ ընդհանուր նպատակի` կատարելության հետ:

Երբեմն Մարդիկ իրենք չեն հասկանում, որ դեպի այդ գերագույն նպատակն արված յուրաքանչյուր քայլ ոչ այլ ինչ է, եթե ոչ` անիվի անընդհատ պտույտի ապահովումը:

Երբեմն նույն այդ Մարդիկ անբացատրելի ճանապարհով հասկացել են, որ չկա կատարելություն: Հարցրո’ւ նրանցից ցանկացածին և կստանաս միևնույն պատասխանը` կատարելություն չկա:

Բայց ո’չ, այդ պարզ գիտակցումը չի խանգարում նրանց շարունակելու իրենց ցմահ երթը դեպի այդ բաղձալի նպատակը:

Եվ ահա մի օր, երբ ավարտվում է Մարդու “առաքելությունը”, գալիս է այդ գիտակցության առհավատչյան. իսկապես չկա այն լուսավոր կետը,  ինչին ձգտել են ողջ կյանքի ընթացքում, կատարելությունն իրականում տիրույթ է, որտեղ կուտակվում են մի շարք արժեքներ, կատարյա’լ արժեքներ: Ու որքան շատ են վերջիններս այդ տիրույթում, այնքան կատարյալ է այն:

Այդ արժեքներն են ժողովրդավարությունն ու հանդուրժողականությունը, մարդու իրավունքների ու երեխաների պաշտպանությունը, բռնությունների չկիրառումն ու սերը, սերը, սերը…

Բայց անիվը շարունակում է  և պե’տք է պտտվի, իսկ դա նշանակում է, որ Մարդիկ, միևնույն է, կշարունակեն ցանկալ կատարելություն:

Հ.Գ.Մի’ փնտրեք կատարելություն,  պարզապես Ձեր կյանքի ընթացքում առաջնորդվեք այն արժեքներով, որոնք հանդիսանում են կատարելության բաղկացուցիչները և որոնք գտնվում են Ձեր ձեռքերում:

Լիլիա Ամիրխանյան