ԿԱՐԵՆ ԲԵՔԱՐՅԱՆ. ՄԵՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՎԵԼ ԸՆԿԱԼԵԼԻ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՆ ԴԱՐՁԵԼ

“Նովոստի-Արմենիա” միջազգային մամուլի կենտրոնում նմանատիպ տեսակետ հայտնեց “Եվրոպական Ինտեգրացիա” ՀԿ Նախագահ Կարեն Բեքարյանը:
Վերլուծաբանը, խոսելով ՀՀ-ի եվրաինտեգրման գործընթացների շուրջ` վերջին զարգացումների համատեքստում, լրագրողների ուշադրությունը հրավիրեց ՀՀ Նախագահի`վերջերս Բրյուսել կատարած այցի և ԵՄ խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի` տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստանում արված հայտարարությունների վրա: Բեքարյանն ընդգծեց, որ Ռոմպոյը, փաստորեն, ևս մեկ անգամ հավաստեց Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի պնդումը, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները ճիշտ ուղու վրա են և այսօր արդեն էական առաջընթաց են գրանցել:       Փորձագետը, եվրաինտեգրման համատեքստից դուրս բերելով ղարաբաղյան կարգավորման գործընթացին առնչվող ԵՄ վերջին զարգացումները, կարծիք հայտնեց, որ Քեթրին Էշթոնի և Հերման վան Ռոմպոյի հայտարարությունները վերջակետ դրեցին այն խոսակցություններին, որ վերաբերում էին Մինսկի ձևաչափի հնարավոր փոփոխություններին և համանախագահների ինստիտուտի իմաստով ԵՄ ներգրավմանը կամ ԵՄ-ով փոխարինման հնարավորությանը: Ասվածն առավել հիմնավոր են դարձնում թե’ Էշթոնի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերի ողջունումն ու վերջինիս ճանաչումը` որպես հիմնական գործող ձևաչափ, թե’ ասվածի ամրագրումն արդեն Ռոմպոյի կողմից, մի շարք հանդիպումների և ելույթների ընթացքում:
Բեքարյանն ընդգծեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող ևս մեկ կարևոր հանգամանք: Ըստ նրա` դա ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից “հակամարտությունը միայն խաղաղ միջոցներով լուծելու` բազմիցս բարձրաձայնված անհրաժեշտության և ուժի և դրա սպառնալիքի, ինչպես նաև ռազմական հռետորաբանության անթույլատրելիության շեշտադրումն էր”: Այս ամենն, ըստ բանախոսի, հավաստում է այն մասին, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացի շուրջ ԵՄ կողմից ձևավորվել է շատ հստակ և ընկալելի մոտեցում:
Կարեն Բեքարյանը նաև հիշեցրեց, որ հուլիսի 5-ից 9-ը Մոնակոյում կայանալու է ԵԱՀԿ Խորհրդարանակն վեհաժողովի ամենամյա նստաշրջանը, որի ընթացքում այլ հարցերի շարքում նաև ղարաբաղյան հարցով զեկույց կներկայացվի: Վերջինիս նախագծում մի քանի կարևոր դրույթներ են ներառված: Զեկուցողն, ըստ բանախոսի, շատ էական շեշտադրում է կատարել հետևյալ հարցերի վրա. շփման գծից դիպուկահարների հեռացում, միջադեպերի հետաքննության մեխանիզմների մշակում և կիրառում, ռազմատենչ հռետորաբանության անընդունելիություն, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիություն: Հավելենք, որ փաստաթուղթը կքննարկվի նստաշրջանի ընթացքում և կարող է վերածվել բանաձևի: