Միմյանց համբույրներ նվիրեք… ոչ միայն հուլիսի 6-ին

Լյուի Արմսթրոնգի  երգերից «Համբույր, որ երազեմ»-ն ավարտվում է հետևյալ խոսքերով. «Օհ, տուր ինձ շուրթերդ գեթ մեկ ակնթարթով, և երևակայությունս շունչ կտա այդ ակնթարթին: Օհ, տուր ինձ այն, ինչ միայն դու ես կարող. Համբույր, որ երազեմ:»  Արվեստի պատմության մեջ նկարիչներ, քանդակագործներ, բանաստեղծներ և լուանկարիչներ, ինչպես նշվում է երգում, օգտագործել են իրենց վառ երևակայությունը` կյանքի կոչելու համար համբույրը` որպես թարմ սիրո, վերակենդանացված սիրո խորհրդանիշ: Հեքիաթներում համբույրն օժտված է նզովքը հանելու զորությամբ:

Թեև հայտնի չէ, թե երբ է մարդկությունը սկսել համբուրվել, ամեն տարվա հուլիսի 6-ը տոնում են որպես Համբույրի միջազգային օր: Չնայած վերջինս ծագել է Մեծ Բրիտանիայում, բայց այսօր այն տոնում են աշխարհով մեկ:

Համբույրի ծագման առավել հավանական վարկածներից մեկը տեղ է գտել հունական դիցաբանության մեջ, որի համաձայն` մարդ արարածները երբևէ չորս ձեռք, չորս ոտք և երկու գլուխ են ունեցել: Մի օր, մարդկային  գոռոզությունից զայրացած, Զևսը բաժանել է մարդկանց երկու մասի` իգական և արական: Ըստ առասպելի` վերստին միավորվելու միակ միջոցը համբուրվելն էր:

Հնդկաստանում տաճարների վրա համբույրի տեսքով մշակութային որոշ հղումներ կան, որոնք ստեղծվել են դեռևս Ք.ա. 2500:

Բացի հուզական նշանակությունից` համբույրը նաև օգտակար է առողջությանը.

- Այն վերացնում է կնճիռները, քանզի հայտնի է, որ համբուրվելիս դեմքի և պարանոցի 29 մկաններ են աշխատում:

- Նրանք, ովքեր հաճախ են համբուրվում, ավելի քիչ որովայնի խնդիրներ ունեն և ավելի երկար են ապրում: Բացի այդ, համբուրվելն օրգանիզմում խթանում է էնդորֆին հորմոնի առաջացումը, ինչը նվազեցնում է սթրեսի մակարդակը:

- Կրքոտ համբույրի ընթացքում դուք կարող եք 30 կալորիա կորցնել: Համեմատության համար ասենք, որ մեկ րոպե արագ քայլելով մարդ կորցնում է 4-5 կալորիա:

Տարբեր մշակույթներում համբույրով բարևելը տարբեր է: Օրինակ ֆրանսիացիներն ու իսպանացիները սիրում են ողջունելիս համբուրվել: Օմանում սովորաբար ձեռք են սեղմում, բայց որոշ տղամարդիկ կարող են ձեր քիթը համբուրել: Հետաքրքիր է քանիսն են շփոթել քթի համբույրը շրթունքների համբույրի հետ: Նոր Զելանդիայում մաորի ցեղի ներկայացուցիչները հանդիպելիս միմյանց քթերը հպում են իրար` այդ ընթացքում փակելով աչքերը: Ռուսաստանում քաղաքական գործիչներն են սիրում համբուրվել: Շատ տարածված է, որ երկրի առաջին դեմքերը միմյանց համբույրով են ողջունում: Եկեք մի կողմ թողնենք, թե ինչքան տարօրինակ դա կարող է թվալ աշխարհի այլ քաղաքական գործիչներին :)

Ինչ ժամանակներից էլ որ լինեք, ինչ ավանդույթներ էլ որ ունենաք, հիշեք, որ համբուրվելը բնական է, հաճելի և օգտակար առողջությանը. Դե ուրեմն համբուրվեք… և ոչ միայն հուլիսի 6-ին: 

Խալիլ Ջեբրանն առաջին համբույրի մասին.

«Այն աստվածուհու կողմից լցված Կյանքի նեկտարով բաժակի առաջին ումպն է: Այն ոգուն խաբող և սրտին տխրեցնող Կասկածի և ներաշխարհն ուրախությամբ ողողող Վստահության բաժանարար գիծն է: Այն Կյանքի երգի սկիզբն է: Այն անցյալի օտարոտիությունն ապագայի պայծառության հետ միացնող ժապավենն է. զգացմունքների լռության և դրանց երգի միջև կապն է: Այն չորս շրթունքներից արտաբերված բառ է, որ սիրտը հռչակում է գահին, իսկ հավատարմությանը` թագադրում: Դա այն մոգական տատանման սկիզբն է, որ սիրահարներին ծանրությունների և չափումների աշխարհից տեղափոխում է երազանքների և հայտնությունների աշխարհ:»

Գայա  Սարգսյան