ԱՍՏԱՆԱՆ` ԱՊՀ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ

Ղազախստանի գանձերից մեկն, անշուշտ, նրա նոր մայրաքաղաքն է՝ Աստանան, ի դեպ “Աստանա” ղազախերենից թարգմանաբար նշանակում է “մայրաքաղաք”։ Մի քանի տարիների ընթացքում գոյացած այս նորօրյա հրաշքն իր մեջ ներառում է Արևմուտքի նորաձևությունն ու Արևելքի ավանդույթները, Ղազախստանի բոլոր 130 ազգությունների առանձնահատկություններն ու նրանց եղբայրության խորհրդանիշերը։ “Քաղաք, որտեղ խաչվում, երկխոսության մեջ են մտնում ու համերաշխ զուգորդվում են Արևելքն ու Արևմուտքը”,-այսպես բնորոշեցին Աստանան “Աստանա. ԱՊՀ մայրաքաղաք” թեմայով կլոր սեղան-սեմինարի մասնակիցները։

Սեմինարը անց էր կացվում հուլիսի 4-ին Երևանում, Երիտասարդ առաջնորդների դպրոցում` “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ նախաձեռնությամբ և ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ։ Սեմինարի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Ա. Բոզժեգիդովը, “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ նախագահ Կ.Բեքարյանը, ԵԱԴ տնօրեն Ա.Շաքարյանը։ Աստանան իրենց զեկույցներում ներկայացրին ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատան հյուպատոս Տ. Ժումագուլովը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար Դ. Գևորգյանը և “Արմեդիա” ՏՎԳ ռուսական բաժնի խմբագիր Կ. Օհանյանը։ Սեմինարն անց էր կացվում “Ղազախստան. բազմամշակույթ և յուրօրինակ” ծրագրի շրջանակներում:

Զեկուցողներն Աստանան բնորոշեցին, առաջին հերթին, որպես շատ բազմազան ու բազմամշակույթ քաղաք։ “Այստեղ փողոցում տեսնում ես բազմաթիվ ազգությունների մարդկանց, որոնց բազմազանությունն ու համերաշխությունը սկզբում ապշեցնում, ապա հիացնում են”,-նշեց Կ.Օհանյանը։ Այդպիսին են նաև քաղաքի շենքերը, նրանց տեսքը զարմանք ու հիացմունք է առաջացնում, շարժում հետաքրքրությունն ու թռիչքի տեղ տալիս երևակայությանը։ Իզուր չէ, որ Աստանայի շենքերից շատերը ժողովրդի մեջ ունեն իրենց անվանումները՝ “Կրակայրիչ”, “Ձու”, “Չինական պատ” և այլն։ Ինչպես նշվեց սեմինարի ընթացքում, Աստանան կարելի է ոչ միայն ԱՊՀ-ի, այլև աշխարհի մշակութային մայրաքաղաք անվանել, քանի որ այստեղ կարելի է հանդիպել շենքեր, որոնք հիշեցնում են Լոնդոնը, Փարիզը, Մոսկվան, սակայն նրանք զուրկ չեն նաև արևելյան որոշակի տարրերից ու կոլորիտից։ Յուրաքանչյուր ազգի ներկայացուցիչ իր ներդրումն է ունենում Աստանայի մշակութային հարստության մեջ՝ միաժամանակ հարգանքով ու հանդուրժողականությամբ վերաբերվելով մյուսներին, այստեղ մշակույթները ոչ թե բախվում, այլ փոխլրացնում են միմյանց՝ ստեղծելով միասնական ոճ չունեցող Աստանայի յուրահատուկ ոճը։
Քաղաքի արտաքին գեղեցկությունից ու յուրահատկությունից բացի խոսվեց նաև վերջինիս կանաչապատման ուղղությամբ տարվող լուրջ աշխատանքների և ռազմավարական զարգացման մասին։ “Երբ մշակվում էր Երևանի ռազմավարական զարգացման ծրագիրը, Աստանայի գլխավոր նախագծի ուսումնասիրությունը շատ օգտակար եղավ”,- նշեց Դ. Գևորգյանը։ Երևանն ու Աստանան համագործակցում են Քաղաքաների միջազգային ասամբլեայի շրջանակներում և փորձի փոխանակման ոլորտում ակտիվ համագործակցություն են ծավալում։ Սակայն, ինչպես նշեց պարոն Գևորգյանը, միայն պետական մակարդակով համագործակցությունը բավարար չէ, կարևոր են, առաջին հերթին, հասարակությունների միջև շփումներն ու երկկողմ այցելությունները։

Ինչպես ցույց են տալիս հասարակության տարբեր շերտերի հետ շփումն ու հարցումները, երիտասարդ սերունդն այսօր լավ չի պատկերացնում բարեկամ երկիրն ու նրա յուրահատկությունները։ Հենց այդ պատճառով էլ խիստ կարևոր են նման միջոցառումներն ու քննարկումները, որոնք հնարավորություն են տալիս ճանաչել, բացահայտել ու խորացնել գիտելիքներն աշխարհագրորեն հեռու, բայց հոգով շատ հարազատ Ղազախստանի մասին։ Ինչպես նշեցին սեմինարի մասնակիցները միջոցառման ավարտից հետո, այս սեմինարը փոխեց իրենց պատկերացումը Ղազախստանի մասին և “ստիպեց” ավելացնել Աստանան մոտ ապագայում այցելվելիք քաղաքների ցանկում։