«Դեպի ավելի լավ Եվրոպա»

Հուլիսի 1-ին ԵՄ նախագահությունն անցել է Կիպրոսին:  Ինչպես հայտնի է, ԵՄ խորհրդի նախագահող երկիրն ընտրվում է ռոտացիոն հիմունքով յուրաքանչյուր 6 ամիսը մեկ կառույցի անդամ 27 պետությունների շարքից: Հունիսի 1-ից այդպիսի մի երկիր էր Դանիան, ով հաջորդեց Լեհաստանին: Ռոտացիոն համակարգը ԵՄ յուրաքանչյուր անդամի հնարավորություն է տալիս ազդեցություն ունենալ Միության գործառնությանը առնչվող որոշումների կայացման գործընթացին:

ԵՄ-ում դանիական նախագահության կարգախոսն էր «Գործող Եվրոպան»: Ինչպես դանիացիներն էին ասում. «Մենք չորս առաջնահերթություններ ունենք` պատասխանատու Եվրոպա, դինամիկ Եվրոպա, կանաչ Եվրոպա և անվտանգ Եվրոպա»:

Կիպրոսական նախագահությունը նոր նպատակ է սահմանել. «Դեպի ավելի լավ Եվրոպա»: Սրանով նկատի է առնվում տնտեսական աճի համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը, զբաղվածության աճը և սոցիալական արդարության ապահովումը ԵՄ ողջ տարածքում: Կիպրոսցիները կցանկանային ավարտին հասցնել 2014-2020թթ. բյուջետային ծրագրի շուրջ բանակցությունները, ամբողջ Եվրոպայի համար ներմուծել քաղաքական ապաստանի տրամադրման ընդհանուր համակարգ:

Միաժամանակ կիպրոսցիները որոշել են չսահմանափակվել միայն ԵՄ-ով: Նրանք մտադրված են ակտիվ գործունեություն ծավալել Բալկաններում: Այսպես, նրանք հանդես են գալիս Սերբիայի և Չերնոգորիայի ԵՄ անդամակցության օգտին: Բացի այդ, Կիպրոսը Կահիրեում ստանձնելու է համաժողովի նախագահությունը, որտեղ քննարկվելու են ԵՄ հարաբերությունները «արաբական գարուն» վերապրած երկրների հետ:

Ծրագրեր Կիպրոսը շատ ունի, և ավելի լավ Եվրոպա ակնկալող այս երկրի ձգտումը հատկապես առաձնանում է հենց կղզու խնդիրների ֆոնի վրա. ինչպես հայտնի է, նախագահությունը ստանձնելուց առաջ Կիպրոսը տնտեսական ճգնաժամի շեմին էր հայտնվել: Բացի այդ, դեռևս չլուծված է մնում կիպրոսական խնդրի քաղաքական կարգավորման հարցը: Ավելին, Կիպրոսի ԵՄ նախագահության դեմ ակտիվորեն հանդես է եկել Թուրքիան, որը մտադրված է բոյկոտել կիպրոսական նախագահության կողմից կազմակերպվելիք բոլոր միջոցառումները…. Ինչևէ խնդիրներն իրենց տեղը, իսկ Կիպրոսը` այս փոքրիկ եվրոպական պետությունը, այսօր լի է Եվրոպայի ավելի լավ ապագայի հարցում իր ներդրումն ունենալու ցանկությամբ:

Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը հայտարարել է, որ «Կիպրոսն իր ուսերին հսկայական պատասխանատվություն է վերցրել` ԵՄ համար որոշիչ շրջանում ստանձնելով Միության նախագահությունը»: Նրա խոսքերով` Կիպրոսը կարևոր դերակատարություն է ունենալու այս գործընթացում. «Կիպրոսական նախագահությունն ինքն է իր առջև դրել այս նպատակը` «Հանուն ավելի լավ Եվրոպայի»: Մենք միասին կհասնենք նրան, որ տարածաշրջանը վերստին դառնա հույսի, հնարավորությունների, արդարության, ձեռբերումների և բոլորի համար լավագույն ապագայի խորհրդանիշ»:

ԵՄ-ում Կիպրոսի նախագահությունը ինչ-որ տեղ ակտիվություն է ենթադրում նաև «հայկական ուղղության» առոմով: Հայտնի է, որ Կիպրոսը և Հայաստանը ավանդաբար բարեկամ երկրներ են հանդիսանում: Մեր պետությունները միևնույն դիրքորոշումն ունեն Ղարաբաղյան և Կիպրոսական խնդիրների կարգավորման հարցում և չեն կարծում, որ ազգերի ինքնորոշման և տարածքային աբմողջականության սկբունքներն կիրար հակասում են: Հետևաբար, ԵՄ-ում Կիպչոսական նախագահության ընթացքում հետաքրքիր իրադարձությունների արժե սպասել: Իրադարձությունները ժամանակակից աշխարհում այնպիսի արագությամբ են զարգանում, որ անգամ ծերունի Եվրոպան ինքը չի հասցնում ադապտացվել դրանց: Իսկ երիտասարդ Կիպրոսի թարմ էներգիան թվում է առաջիկա 6 ամիսների ընթացքում դեռ նոր շունչ կհաղորդի Եվրոպային:

Կարինե Օհանյան