Եվրաինտեգրման արդյունավետությանն ուղղված ԵՄ նոր նախաձեռնությունները

Եվրոպական կառույցների բարձրաստիճան պաշտոնյաների հաճախակի դարձած փոխադարձ այցերը և այս ուղղությամբ առավել ակտիվ քաղաքականությունը մշտապես ուշադրության կենտրոնում են պահում եվրաինտեգրման գործընթացները:

ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման բազմակողմ ուղղության լրացուցիչ հարթակի՝ ի դեմս Արևելյան Գործընկերության Քաղաքացիական Հասարակության Ֆորումի ստեղծմամբ բավականին մեծ հեռանկարներ բացվեցին հանրային սեկտորի համար: Տեղեկացնենք, որ Արևելյան Գործընկերության Քաղաքացիական Հասարակության Ֆորումի Վերստուգիչ Հանձնաժողովի հերթական նիստը կայանալու է հաջորդ շաբաթ՝ հուլիսի 17-18-ը Բրյուսելում:
Եվրոպական Հարևանության Քաղաքականությամբ ԵՄ-ն 2011թ.-ին հստակ նպատակ ձևակերպեց՝ ներգրավվելու գործընկեր երկրների հասարակական կազմակերպություններին պաշտոնական երկխոսության մեջ և այս ձևաչափը պայմանականորեն անվանվեց “գործընկերություն հասարակությունների հետ”: “Քաղաքացիական Հասարակություն Նախաձեռնության” (Civil Society Facility) շրջանակներում ԵՄ-ն պատրաստվում է տարեկան շուրջ 11 միլիոն եվրո հատկացնել ԱլԳ տարածաշրջանին:
Հատկանշական է, որ բացի վերոնշյալից, նախապատրաստական վերջին փուլում է գտնվում ԵՄ հաջորդ նախաձեռնությունը՝ “Հանուն ժողովրդավարության եվրոպական ֆոնդը” (European Endowment for Democracy):
Ստացվում է՝ հաշվի առնելով ԵՄ-ՀՀ հարաբերություններում առկա թափանցիկությունը՝ վերջինիս հնարավորություն է ընձեռվում “մշտադիտարկել”, անգամ բառացիորեն “հաշվարկել” Հայաստանում իրականացվող բարեփոխումների արդյունավետությունը: Կիրառելով համապատասխան ձևաչափերը, կառույցներն ու մարմինները՝ ԵՄ նախաձեռնությունները դրանք փաստացի վերածում են հաշվետու դարձնող մեխանիզմների:

Ասվածի մասին են վկայում նաև եվրոպական կառույցների նախաձեռնությամբ` ԱլԳ երկրների քաղհասարակության ջանքերով իրականացվող ծրագրերի ամփոփ վերջնարդյունքները: Մասնավորապես, 2012թ. մայիսին տարածվել է “Միջազգային վերածննդի հիմնադրամի”՝ (International Renaissance Foundation) և “Բաց հասարակություն հիմնադրամների” (Open Society Fundations) հետ համատեղ արդեն երկրորդ տարին իրականացվող “Եվրաինտեգրման ինդեքս” (European Integration Index) նախագիծը: Սույնով ԱլԳ 6 երկրների գրանցած առաջընթացը գնահատվել է մի քանի չափորոշիչներով, որոնք են փոխկապակցվածությունը, մերձեցումն ու կառավարումը: Համաձայն զեկույցի՝ Հայաստանը, ընդհանրական գնահատականներով թեև գտնվում է 4-րդ տեղում Մոլդովայից, Վրաստանից և Ուկրաինային հետո, այնուամենայնիվ երրորդն է “մերձեցում” ցուցիչով, ինչը ամեն անգամ ՀՀ-ում կամ ՀՀ-ից դուրս առաջին դեմքերի մակարդակով փաստում է ԵՄ-ն: Եվրաինտեգրման գործընթացում ՀՀ-ի գրանցած աներկբա առաջընթացի մասին էր խոսում նաև վերջերս ԵՄ Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը, որը ՀՀ կատարած իր այցի ընթացքում դրական գնահատական տվեց եվրաինտեգրման գործընթացին՝ ընդգծելով Հայաստանում անցկացվող բարեփոխումներն ու գրանցած ձեռքբերումները:
ՀՀ-ն միաժամանակ, հստակ քաղաքական գիծ է որդեգրել խորացնելու հարաբերությունները Եվրամիության առանձին երկրների հետ: Սա ներգրավման և փորձի կիրառման հսկայական ներուժ է ենթադրում, ինչը շահեկանորեն օգտագործվում է անգամ քաղաքական խորհրդակցությունների մակարդակով: Չթվարկելով եվրոպական երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հաճախակի այցերը մեր երկիր, նշենք, որ նախօրեին, օրինակ, Հայաստանի և Նիդերլանդների արտգործնախարարությունների միջև կայացան խորհրդակցություններ՝ վարչության պետերի մակարդակով: Այստեղ  անդրադարձ կատարվեց միջազգային կառույցների նախաձեռնություններին, այդ թվում` ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում համատեղ ծրագրերի իրականացման և փոխգործակցության հնարավորություններին:

Քրիստինե Հովսեփյան