Մուլտիմեդիա լրագրության վարպետության դասընթաց լրագրողների համար

Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտը (IWPR) անց է կացնելու մուլտիմեդիա լրագրության վարպետության երկու դասընթաց լրագրողների համար:

Դասընթացի նպատակն է աջակցել Հայաստանի առցանց եւ տպագիր լրատվամիջոցների լրագրողների մուլտիմեդիա լրագրության ժանրում մասնագիտացմանը եւ վերապատրաստմանը, ինչպես նաեւ դասընթացի ընթացքում պատրաստված լրագրողական աշխատանքների միջոցով հասարակության ուշադրությունը հրավիրել կանանց, երիտասարդների եւ սահմանամերձ շրջանների հիմնախնդիրներին:

Վարպետության դասընթացներից առաջինը տեղի կունենա ս.թ. հուլիսի 21-ին, ժամը՝12:00-18:00, IWPR-ի գրասենյակում (հասցե Կողբացի 39):

Վարպետության դասընթացն անցկացնելու են Ինտերնյուս Հայաստան ՀԿ ներկայացուցիչ Հարություն Մանսուրյանը եւ սոցիալական մեդիայի եւ մուլտիմեդիա լրագրության փորձագետ Արթուր Պապյանը:

Դասընթացին մասնակցելու են IWPR-ի Կովկասյան լրատու պարբերականի հետ համագործակցող, IWPR-ի գործընկեր լրատվամիջոցներ ներկայացնող լրագրողները:

Դասընթացի ժամանակ մասնակիցները քննարկելու են Կովկասյան լրատու պարբերականի չափանիշներին եւ հետաքրքրության շրջանակներին համահունչ թեմաներ եւ մեկ շաբաթ ժամանակ են ունենալու այդ թեմաների վերաբերյալ մուլտիմեդիա նյութեր պատրաստելու համար:

Դասընթացին մասնակցելու է մինչեւ 10 լրագրող: Դասընթացի արդյունքում ստեղծված լավագույն նյութերը կհրապարակվեն IWPR-ի Կովկասյան լրատու պարբերականում, հեղինակները կստանան հոնորարներ:

Վարպետության դասընթացի ընթացքում պատրաստված նյութերը նախ եւ առաջ պետք է տպագրվեն IWPR-ի կայքում: Կազմակերպությունը իրավասու է վերահրապարակել այդ նյութերը www.iwpr.net կայքում եւ այլ լրատվամիջոցներում:  Նյութերի հեղինակային իրավունքը պատկանելու է IWPR-ին:
Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտը նպաստում է հակամարտությունների եւ զարգացումների կիզակետում գործող տեղական լրատվամիջոցների ամրապնդմանը`գործելով աշխարհի 2 տասնյակ երկրներում եւ
շրջաններում: Կազմակերպության գործառույթների շարքում է տեղական անկախ լրատվամիջոցների ստեղծումը, տեղացի լրագրողների, խմբագիրների վերապատրաստումը, աջակցությունը մարդու իրավունքների, առողջ կառավարման եւ այլ ուշագրավ թեմաների համապարփակ լուսաբանմանը, պրոֆեսիոնալ լրագրության տարածումը
զարգացող երկրներում եւ միջազգային ասպարեզում, մարդու իրավունքների, միջազգային արդարադատության եւ կանանց իրավունքների տեղական կազմակերպությունների հաղորդակցման ներուժի ամրապնդումը:

Հայաստանում Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտը օգնում է հասարակության տեղեկացվածության բարձրացմանն ու նպաստում նշանակալի երկխոսությունների կառուցմանը` տեղացի լրագրողների հմտություններն ու ներուժը զարգացնելով: