Անցած օրերի և գալիք աժիոտաժը

Թերևս մեզանից յուրաքանչյուրը եթե ոչ ամեն օր, ապա գոնե հաճախ իրեն տալիս է այն հարցը, թե ինչով նշանավորվեց իր ապրած այս կամ այն օրը: Միգուցե նման սկզբունքով նաև երկրնե՞րն են «ապրում»:

Օրինակ եթե աչքի անցկացնենք վերջին իրադարձությունները, որոնք հայկական լրահոսի առանցքն էին կազմում, կարող ենք երկու հիմնականներն առանձնացնել` ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի, նախագահի անձնական ներկայացուցչի, ՄԽ համանախագահների տարածաշրջանային այցը և Վարդավառի ծիսակատարությունը:

Այսպես, ինչո՞վ էր նշանակալից ԵԱՀԿ ներկայացուցիչների այցը տարածաշրջան և ինչ տվեց այն: Թերևս նրանով, որ համանախագահները հանդես եկան ամփոփիչ հայտարարությամբ, որ Ստեփանակերտում օդանավակայանի բացման առթիվ իրենք կողմերից երաշխիք են ստացել, որ վերջիններս կհրաժարվեն քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ ուժ կամ ուժ կիրառելու սպառնալիքից և բոլոր հարցերը կլուծեն դիվանագիտական ճանապարհով: Նրանք շարունակեցին իրենց կոչերը կողմերին գործել միջազգային իրավունքի և իրենց տարածքների վրայով կատարվող թռիչքների առկա պրակտիկայի համաձայն։ Փորձենք այստեղ անհրաժեշտից է՚լ ավել լավատեսություն ցուցաբերել գործընթացում որևէ առաջխաղացում արձանագրելու ուղղությամբ:

Իսկ ինչո՞վ նշանավորվեց այն մեծագույն խինդով ու սրտի թրթիռով տոնող թերևս բոլոր հայերիս համար Վարդավառի կամ Պայծառակերպության տոնը: Բազմադարյա, սակայն իր խորհրդով միշտ ակտուալ այս տոնն իր այս տարվա ծիսակատարությամբ համատարած խանդավառություն, աննախադեպ փորձ և կազմակերպվածություն տվեց: Որպես օրինակ դիտարկենք մայրաքաղաքում տիրող աժիոտաժը. մեկտեղ հավաքվել էին միմյանց ծանոթ և անծանոթ, սակայն տոնը լիաթոք ուրախությամբ անցկացնելու անսահման ցանկությամբ մարդիկ: Հույս ունեմ և կարծում եմ նաև, որ այս փորձը հաջողությամբ կփոխանցվի և կհարստացվի գալիք տարիներին նույնպես:

Իսկ առաջիկա ամսվա համար, մեզ մնում է վերակազմակերպել մեր օրակարգն այնպես, որ ըստ արժանվույնս հետևենք և երկրպագենք այս տարի Լոնդոնում անցկացվող Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մեր մարզիկներին:

Չէ՞ որ մեզանից յուրաքանչյուրն իր` մեծ, թե փոքր, բայց միանշանակ ներդրումն ունի երկրի ձեռբերումների գործում:

Հեղինե Նազարյան