Մտորումներ ընտրությունների մասին

Այսօր բոլորի ուշադրության կենտրոնում կրկին ընտրություններն են՝ այս անգամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Ակտիվորեն քննարկվում ու վերլուծվում են տարբեր երկրների, դիտորդների, միջազգային կառույցների գնահատականներն ու հայտարարությունները, տոնայնությունների փոփոխություններն ու ԼՂՀ-ում ընթացող փոփոխությունները: Այդ ամենի մասին շատ կարելի է խոսել ու նույնիսկ բանավիճել, սակայն այսօր ուզում եմ քննարկել մեկ այլ, ոչ պակաս կարևոր հարց. ի՞նչ դեր ունեն ընտրությունները և ինչի՞ն են իրականում ծառայում:

Եթե անդրադառնանք պատմությանն ու քաղաքական մտքի զարգացմանը, կտեսնենք, որ քաղաքական ընտրություններն առաջացել են Հին Հունաստանում, որտեղ ձևավորվել են դեմոկրատական առաջին քաղաք-պետությունները և ժողովուրդը, իսկ ավելի ճիշտ դրա միայն որոշակի հատվածն, իրավունք է ստացել ընտրել Սենատի անդամներին՝ երկրի օրեսնդիր մարմինը: Ընտրություններն իրենց մեջ արտացոլում են և հնարավորություն են տալիս իրացնել մարդու հիմնարար իրավունքներ ու ազատությունները, որոնք արտացոլվում են այն մարդկանց ազատ ընտրության մեջ, որոնք իրենց անունից օրենքներ կընդունեն և կառավարում կիրականացնեն: Եթե դիտարկենք ժողովրդավարության էվոլյուցիան, ապա այն անմիջական ժողովրդավարությունից անցում է կատարել ներկայացուցչական տեսակին՝ քաղաքացուն ազատելով յուրաքանչյուր օր քաղաքականությամբ և երկրի կառավարման խնդիրներով զբաղվելու պարտավորությունից: Ընտրությունները մեզ հնարավորություն են տալիս մի քանի տարվա մեջ մեկ անգամ ընտրելով մեր ներկայացուցչին՝ նրան փոխանցել կառավարելու և քաղաքական հարցեր լուծելու լիազորությունը: Եվ որքան ուշ-ուշ մենք ունենք այդ անձին կամ ուժը փոխելու հնարավորությունը, այնքան ավելի կարևոր է ճիշտ ընտրություն կատարելը:

Ասածս այսօր ավելի շատ գաղափարներին և իդելաներին է վերաբերում, քան մեր իրականությանը: Իրական կյանքում մենք կորցրել ենք ընտրությունների կարևորության գիտակցումը, դրան նայում ենք որպես հերթական բեմադրություն, իսկ ոմանք` իրենց խնդիրները լուծելու կամ գումար վաստակելու միջոց: Ընտրում ենք «չարյաց փոքրագույնը» սկզբունքով, իսկ վատթարագույն դեպքում պարզապես առաջնորդվում «իմ ձայնը ոչինչ չի փոխում» կամ «ամեն ինչ կանխորոշված է» սկզբունքով և չենք մասնակցում ընտրություններին: Սակայն որքան ավելի քիչ պահանջկոտ է ժողովուրդն, այնքան ավելի քիչ պարտավորված են իրենց զգում իշխանության եկող ուժերը, ես դեռ լռում եմ «գնված» քաղաքացիների մասին, ովքեր, ծախելով իրենց ձայնը, վերածվում են գնված տիկնիկի՝ զուրկ ձայնի իրավունքից:

Ասել, թե Եվրոպայում ընտրություններն անցնում են անթերի թափանցիկ կամ արդար, երևի կհամաձայնեք, որ ծիծաղելի է: Սակայն Եվրոպայում քաղաքացին իրեն ավելի արժանապատիվ, իսկ իշխանավորներն էլ ավելի պատասխանատու են զգում, այնտեղ պաշտոն ունենալն առաջին հերթին աշխատանք և մեծ պատասխանատվություն է, և հետո միայն ու հազվադեպ մեծ առավելություն: Քաղաքացին ընտրում է ելնելով իր քաղաքական հայացքներից, ընտրում է այն ուժը, որը կրում է իր գաղափարախոսությունը և ընդունակ է ներկայացնել իր շահերը, իսկ եթե սպասումները չեն արդարանում, քաղաքացին հաջորդ անգամ ազատ է ընտրել մեկ ուրիշին, և նրա ձայնը ոսկով չես գնի:

Ձեզ իմ կիսափիլիսոփայական մտքերով չհոգնեցնելու համար, միայն մի բան ավելացնեմ: Խոսել այն մասին, թե ԼՂՀ ընտրությունները լեգալ և օրինական չեն, և առավել ևս չընդունել դրանց անցկացման փաստն առնվազն սխալ է: Այդ տարածքում մարդիկ են ապրում, մարդիկ, ովքեր բոլոր մյուսների նման ցանկանում են ապրել օրենքով կառավարվող երկրում և իրավունք ունեն ընտրել իրենց ներկայացուցիչներին: Եվ այստեղ երկրի ճանաչված կամ չճանաչված լինելը դեր խաղալ չի կարող, քանի որ մարդու իրավունքները նույնն են բոլորի համար, անկախ բնակության վայրից:

Աննա Կարապետյան