ԱլԳ ԵՎ ԵՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Հուլիսի 23-ին Բրյուսելում տեղի է ունեցել Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպումը, որը նախագահել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը: Հանդիպման արդյունքում, որին ներկա է գտնվել նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ընդունվել է համատեղ հայտարարություն:       Հայտարարության մեջ, մասնավորապես, ընդգծվում է, որ Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչի կողմից ներկայացված Ճանապարհային քարտեզը լավ հիմք է հանդիսանում Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովին ընդառաջ Պրահայի և Վարշավայի գագաթաժողովներում մշակված նպատակներով առաջնորդվելու համար: Նշվում է, որ 2013 թվականին կայանալիք Արևելյան գործընկերության հաջորդ նախարարական հանդիպումը լավ առիթ կլինի դիտարկելու և նախանշելու ձեռնարկվելիք հետագա քայլերը:
Հանդիպման ընթացքում կողմերն ամփոփել են ԱլԳ անդամ երկրների գրանցած առաջընթացը, և ընդգծվել է հետագա ջանքերի գործադրման անհրաժեշտությունը: “Ակնհայտ է, որ գործընկերները գտնվում են կենսունակ ժողովրդավարության կառուցման շատ տարբեր մակարդակների վրա”,- հանդիպմանը հաջորդած իր հայտարարության մեջ նշել է Քեթրին Էշթոնը: Իր եզրակացություններում նա նաև ընդգծել է, որ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները, ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները, ԵՄ-ի և Ուկրաինայի միջև ավարտին են հասցվել, “Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի հետ բավական առաջադեմ են, մինչդեռ Ադրբեջանի հետ բանակցությունները նույնպես ընթացքի մեջ են”:
ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրերի շուրջ բանակցություններին իր ելույթում անդրադարձել է նաև ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանը. “Ինձ հաճելի է նշել, որ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների մեկնարկից երկու տարի անց Հայաստանը նշանակալից առաջընթաց է արձանագրել. 29 բանակցային գլխից 28-ը արդեն փակվել են և ընդամենը մեկ ոլորտին վերաբերող գլուխ է մնացել համաձայնեցնելու:
Հիմնվելով այն դրական փորձի վրա, որ կուտակվել է Ասոցացման համաձայնագրի բանակցություններում՝ մենք սահուն առաջընթաց ենք ակնկալում Խորը և Համապարփակ Ազատ Առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններում: Մեր նպատակն է մոտենալ դրանց ավարտական փուլին մինչ Վիլնյուսի գագաթաժողովը”,-ասել է նա:
Հանդիպման մասնակիցները քննարկել են գործընկեր երկրներից յուրաքանչյուրում առկա խնդիրները, որոնք մտահոգության տեղիք են տալիս, նաև կարևորել են Արևելյան գործընկերության բազմահարթակ համագործակցության արդյունավետությունը, համագործակցության հաստատումն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են բարեփոխումները հանրային կառավարման, տրասպորտի և միգրացիայի հարցերում: Էշթոնն իր խոսքում կարևորել է նմանատիպ հանդիպումները և նշել, որ դրանք հնարավորություն են ընձեռում “բավարարել նրանց հատուկ կարիքներն ու ամբիցիաները, ովքեր առավել առաջադեմ են համաձայնեցված նպատակների կյանքի կոչման մեջ”: “Արևելյան գործընկերությունը շարունակում է առաջնահերթ մնալ թե՜ ԵՄ-ի և թե՜ անձամբ ինձ համար՝սերտորեն աշխատելով իմ գործընկեր և ընկեր Ստեֆան Ֆյուլեի հետ”,-ասել է Քեթրին Էշթոնը:
Ընդհանուր առմամբ, այս հանդիպումը հնարավորություն տվեց ևս մեկ անգամ ամփոփել առանձին երկրների ունեցած առաջընթացը, վերահաստատեց եվրաինտեգրման ուղով շարժվելու ԱլԳ վեց երկրների ձգտումն ու ԵՄ-ի աջակցությունն այդ գործընթացին: Կողմերն վերահաստատեցին սույն տարվա մայիսի 15-ին հրապարակված Ճանապարհային քարտեզով առաջ շարժվելու իրենց հաստատակամությունը և պայմանավորվածություն ձեռք բերեցին մյուս անգամ հանդիպել 2013թ. աշնանը՝ համատեղ գնահատական տալու բարեփոխումների և համատեղ սահմանված նպատակաների առումով մինչ այդ ձեռք բերված առաջընթացին:
Հիշեցնենք, որ սա ԵՄ և ԱլԳ երկրների ԱԳ նախարարների երրորդ նմանատիպ հանդիպումն էր, այն հաջորդում էր ԵՄ արտաքին գործերի խորհրդի հանդիպմանը: