Խաղաղության հաստատումն ու հրադադարը` որպես օլիմպիական ավանդույթ

Լոնդոնի օլիմպիական խաղերի բացմանը մնացել են, կարելի է ասել, հաշված ժամեր: Օլիմպիադայից սպասումները մեծ են` ոչ միայն սպորտային, այլև քաղաքական …

Անտիկ ժամանակներում Օլիմպիական խաղերի անցկացման ժամանակ Հին Հունաստանում հայտարարվում էր սուրբ զինադադար: Օլիմպիական խաղերի և զինադադարի փոխկապակցվածության միտքն անտիկ ժամանակներից հետո մեկ անգամ չէ, որ դարձել է քննարկումների առարկա և օլիմպիադաներ անցկացնելու ավանդույթի վերականգնման առիթ: Օլիմպիադաների վերականգնման նախաձեռնողներից մեկի` Կուբերտենի կարծիքով “աշխարհի երիտասարդությունը պետք է չափի իր ուժերը սպորտային մրցումներում, այլ ոչ թե պատերազմի դաշտերում”:

1894 թվականի հուլիսի 16-24-ը Փարիզի Սորբոնի համալսարանում անցկացված կոնգրեսում Կուբերտենը ներկայացրեց իր մտքերն այս թեմայով: Կոնգրեսի վերջին օրը որոշում ընդունվեց, որ այն ժամանակվա առաջին օլիմպիական խաղերը պետք է անցկացվեին 1896թ. Աթենքում: Իսկ Խաղերը կազմակերպելու նպատակով հիմնվեց Միջազգային օլիմպիական կոմիտեն:

Ոչ պատահական և հենց այս համատեքստում են ընտրված օլիմպիական խաղերի էմբլեման և դրոշը, որոնք հաստատվել են Կուբերտենի առաջարկով 1913թ.: Էմբլեման` իրար հետ փոխկապված 5 օղակներն են, որոնք խորհրդանշում են 5 մայրցամաքների (երկնագույնը Եվրոպան է, սևը` Աֆրիկան, կարմիրը` Ամերիկան, դեղինը` Ասիան, իսկ կանաչը` Ավստրալիան) միավորումը օլիմպիական շարժմամբ:   Հետաքրքիր է, որ օլիմպիական խաղերի ավանդական ծիսակարգերից է նաև Խաղաղության դրոշի բարձրացումը, որն իրենից ներկայացնում է կտուցին ձիթենու ճյուղով աղավնի երկնագույն ֆոնի վրա և խորհրդանշում է Խաղերի ժամանակ բոլոր զինված հակամարտությունները դադարեցնելու ավանդույթը:

Ինչպես հայտնի է, այժմ զինված գործողություններ են ընթանում Սիրիայում, իսկ աշխարհի տարբեր կետերում իրավիճակը բավականին փխրուն է: Հավանականությունը, որ գալիք օլիմպիական խաղերը կնպաստեն հրադադարին ու գոնե հարաբերական խաղաղությանը աշխարհում, ցավոք սրտի, մեծ չէ, քանզի քաղաքական շահերն այժմ վեր են բոլոր տեսակի ավանդույթներից, հումանիզմի ու բարոյականության նորմերից:

Սակայն հույսն ու լավի հանդեպ հավատն են, որ թույլ են տալիս գոյատևել նման իրավիճակներում: Հռոմի Պապ Բենեդիկտոս 14-րդը հույս է հայտնել, որ Լոնդոնի օլիմպիական խաղերը կնպաստեն խաղաղության հաստատմանն աշխարհի բոլոր թեժ կետերում` հիշեցնելով ողջ աշխարհին այն բարի ավանդույթը, ըստ որի Օլիմպիադաների ժամանակ դադարեցվում էին բոլոր հակամարտությունները ու  հաշտվում հակամարտող կողմերը:

Մենք էլ մեր կողմից հիշեցնենք, որ հնագույն ավանդույթները դեռ ուժի մեջ են: Այդ իսկ պատճառով հավատանք, որ և 2012-ի, և 2014-ի օլիմպիադաներն իսկապես կկարողանան դառնալ խաղաղ մրցումների և ոչ թե պատերազմների ու թշնամանքի խորհրդանշական սկիզբը …

Թարգմանեց Հայկուհի Կաթրջյանը