Օլիմպիադա 2012. հաշված ժամեր են մնացել “Հրաշքների կղզիներ”-ի բացմանը

Այսօր ուղիղ կեսգիշերին աշխարհի բոլոր մարզասերների ուշադրությունը սևեռված կլինի էկրաններին: Տեղի կունենա այս ամիսներին համաշխարհային լրահոսի ամենաշատը լուսաբանվող իրադարձություններից Օլիմպիական խաղերի բացման արարողությունը, չնայած որ Խաղերի բացումից օրեր առաջ կանգ է առել դրանց մեկնարկի հետհաշվարկն իրակացնող ժամացույցը:

Հուլիսի 27-ից ոգոստոսի 12-ը տևելիք 30-րդ Օլիմպիական խաղերն այս տարի հյուրընկալվում են Միացյալ Թագավորությունների մայրաքաղաք՝ Խաղերի անցկացման արդեն եռակի փորձով Լոնդոնում: Մասնակցելու նպատակով այստեղ են ժամանել 205 երկրների մոտ 15,000 մարզիկներ և միլիոնավոր երկրպագուներ:Օլիմպիադա 2012-ի պաշտոնական բացման արարողությունը կազմակերպիչներն անվանում են “Հրաշքների կղզիներ”, որի մեկնարկը կազդարարի բրիտանական թագուհի Եղիսաբեթ 2-րդը: Թե ինչ է լինելու միջոցառմանը, գաղտնի է պահվում, սակայն լրատվամիջոցներին այս օրերի ընթացքում հաջողվել է բավականին տեղեկություն հայթայթել հետաքրքրասեր լսարանի համար:

Օրինակ հայտնի է, որ այս տարվա Խաղերի “Survival” հիմնի հեղինակն է հայտնի բրիտանացի Muse ռոք-խումբը: Աշխարհահռչակ բրիտանացի ֆուտբոլիստ Դեվիդ Բեքհեմը, ով այս տարվա խաղերի դեմքն է համարվում, բացմանն ինչ-որ դերով է հանդես գալու, բայց կոնկրետ ինչպիսի՝ աստղը հրաժարվել է բացահայտել: Շոուն բեմադրել է հայտնի “Միլիոնատրը ետնախորշերից” ֆիլմի ռեժիսոր Դենի Բոյլը:

Հայտնի է նաև, որ բացման արարողությանը ներկայացվելու է Անգլիայի պատմությունը, որի դերասանական կազմում հանդես են գալու նաև այծեր, կովեր, ոչխարներ, հավեր, բադեր, ձիեր, շներ: Միջոցառման ավարտին ելույթով հանդես է գալու լեգենդար The Beatles խմբի անդամ Փոլ Մըքքարթնին՝ խմբի “Hey Jude” երգի կտարմամբ: Խաղերի կազմակերպման միջոցառումների բյուջեն կազմել է 27 միլիոն ֆունտ:

Խաղերը հնարավորություն կունենան կենդանի դիտելու մոտ 80 հազար հանդիսատես:

Օլիմպիադայի մեկնարկին ընդառաջ Օլիմպիական խաղերի 7-ակի մեդալակիր ամերիկացի գիմնաստ Շանոն Միլլերը նշել է. “Օլիմպիադան այն եզակի միջոցառումն է, որի ընթացքում աշխարհը կանգ է առնում: Այն համաշխարհային է: Բոլորը կարող են մասնակցել, լինես դու ամենաքիչ բնակչությամբ ամենափոքր երկիրն աշխարհում, կամ ամենաշատ բնակչությամբ ամենամեծ երկիրը: Բոլորը կարող են մասնակցել: Դա հիասքանչ է, քանի որ դու հնարավորություն ես ստանում տեսնել աշխարհը, իսկ աշխարհն էլ՝ քեզ տեսնելու: “

Նա նաև հավելել է. “Մյուս բոլոր սպորտային իրադարձություններից Օլիմպիական խաղերին առանձնացնում է կիրքը: Ամեն ինչ երկրորդական է դառնում… Նշանակություն չունի թե դու մեդալով, կամ առանց մեդալի ես տուն վերադառնում: Խաղերից հետո դու արդեն օլիմպիադայի մասնակից ես….”:

Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը Խաղերի հայ երկրպագուների համար անակնալ է պատրաստել: Այսօր ժամը 23:00-ին Սիրահարների այգում Խաղերի մեկնարկից առաջ տեղի կունենա միջոցառում, որը բաց է բոլորի համար: Միջոցառմանը կհնչի բրիտանական երաժշտության լավագույն ընտրանին, իսկ ուղիղ ժամը 24:00-ին այգում տեղադրված մեծ էկրանի միջոցով կմիանան Լոնդոն ու կդիտեն Օլիմպիական խաղերի մեկնարկը:

«Արմեդիա» ՏՎԳ