Որո՞նք են Օմբուդսմենի իրական գործառույթները… նաև Հայաստանում

Մարդու իրավուքների գիտակցումը քաղաքական կամքի հարց է: Զուտ եվրոպական ստանդարտներին և միջազգային նորմերին հետևելը դեռ բավարար չէ: Այս չափանիշները պետք է գործնական դաշտ տեղափոխվեն բոլոր մակարդակներում՝ ազգային, տարածքային և տեղական: Եվրոպական արժեքների, գաղափարների և/կամ հաստատությունների ընդունումը հայկական իրականության մեջ, արևմտյան չափանիշներին մոտեցումը այս շրջանում ամենակարևորն է:

Օմբուդսմենի ինստիտուտը Եվրոպայում տեղի ունեցող ամենահիմնական զարգացումներից մեկն է, գաղափար, որը շատ արագ տարածվեց, և կառույց, որը հիմնադրվեց համարյա բոլոր երկրներում, նաև Հայաստանում:

Մարմի վերաբերյալ Փարիզյան սկզբունքներում, իսկ այնուհետև ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում եվ Եվրոպայի Խորհրդում ամրագրված կետնրոնական գաղափարը կառույցի անկախությունն է: Իդեալականորեն, օմբուդսմենը պետք է վեր լինի քաղաքական գործընթացներից: Անձը պետք է բացարձակ անաչառ և անկողմնակալ լինի, և պահպանի այս սկզբունքն իր աշխատանքի բոլոր բնագավառներում: Անկախություն ասելով նկատի ունեմ ինչպես մարդու իրավունքների պաշտպանի նշանակման գործընթացը, օրենքները, որոնք թույլ կտան իր իրավասության սահմաններում առանց իշխանությունների նախնական հավանության հետաքննել ցանկացած գործ, այնպես էլ կառույցի կարգավիճակն ու ֆինանսական անկախությունը:

Հայաստանում Օմբուդսմենը նշանակվում է ՀՀ Նախագահի կողմից, փաստ, որը դեմ է կառույցի բուն էությանը: Այդ պատճառով, Հայաստանում Օմբուդսմենի ինստիտուտը հաճախ մեկնաբանվում է որպես ձևական քայլ՝ ուղղված Եվրոպայի խորհրդի նկատմամբ պարտավորությունների կատարմանը: Ես գտնում եմ, որ եվրոպական չափանիշներին իրականում համապատասխանության համար, մարդու իրավունքների պաշտպանի նշանակումը, իր գոյության ու անկախության երաշխիքները, և գործունեությունը որպես խորհրդարանական մարմին պետք է հստակ ամրագրվի Սահմանադրությամբ:

Այնուամենայնիվ, թերագնահատումն ու քննադատությունը կլինի ավելի արդյունավետ, եթե այն դառնա ավելի կառուցողական և ավելի ուղղված լինի բարեփոխելու, քան պարզապես դատապարտելու ու քննադատելու գործող համակարգը:

Հայաստանում մարմինը միջանկյալ մի կառույց է, որը մանևրում է պետական և հասարակության շահերի միջև:

Պաշտոնական կայքը հնարավորություն է տալիս բարձրաձայնելու խնդիրները, ոչ ֆորմալ քննարկումները և բողոքները: Կառույցի տարեկան հաշվետվությունները բացահայտ ներկայացնում են բոլոր կառավարական մարմինների խնդիրներն ու թերությունները, ինչպես նաև յուրաքանչյուր հաստատության դրական զարգացումները: Սակայն, կարծում եմ, խնդիրը ոչ այնքան ոչ պատշաճ հետաքննությունն է, այլ՝ այդ խնդիրների հաղթահարման հայեցողական կամ կամավորական ձևը: Այս մարմնի ընկալումը հասարակության կողմից մնում է նախատրամադրված և կողմնակալ:

Մենք կարող ենք շարունակել ինստիտուտի հիմնական թերությունների թվարկումը, բայց անելով դա՝ մենք շարունակում ենք անտեսել իրական աշխատանքը, որն ուղղված է Հայաստանի նախարարությունների և պետական ​​կառավարման մարմինների վիճակի բարելավմանը: Այսպիսով կանտեսենք այն ոլորտները, որտեղ մենք իսկապես կարող ենք առաջընթաց արձանագրել:

Անի Գևորգյան