Կ. ԲԵՔԱՐՅԱՆ. ՍԱՐԳՍՅԱՆ-ՊՈՒՏԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՊԵՏՔ ՉԷ ՆԱՅԵԼ ՍԵՎ-ՍՊԻՏԱԿ ԳՈՒՅՆԵՐՈՎ

Երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսում խոսելով ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպման մասին՝ “Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը նշել է. “Նախագահների հանդիպումից անմիջապես հետո լրագրողների ներկայությամբ խոսվում է երկու երկրների միջև ռազմական համագործակցության լայնացման, դրա հետ կապված խորհրդակցությունների, ռազմարդյունաբերական համակարգի, կադրերի պատրաստման մասին, ինչը, կարծում եմ շատ բան պիտի ասի”:

Սակայն նա ավելացրել է նաև, որ “փորձել օրակարգի տակից աղվես փնտրել, ծեր կատու դուրս բերել, կամ հարցին նորից մոտենալ չգիտեմ թե ինչ-ինչ տեսությունների ներքո, կարծում եմ կոռեկտ չէ։ Մենք անընդհատ փորձում ենք նայել սև ու սպիտակ գույների մեջ՝ չպատկերացնելով ու չտեսնելով, որ շատ հնարավոր է հավասարակշռված հարաբերություններ ունենալ և Եվրոպական Միության հետ՝ չվնասելով Եվրաինտեգրման հիմնական վեկտորը, և ԱՄՆ-ի հետ, և ստրատեգիական գործընկեր Ռուսաստանի հետ. սա մեր ընկալման մեջ դեռևս լիարժեք չի նստում”:

10.08.2012