ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ

Օգոստոսին քաղաքականության մեջ պասիվություն է նկատվում ոչ միայն Հայաստանում, այլև Եվրոպայում: Վերջին ժամանակներս Եվրոն փրկելու համար “մարտեր մղող” եվրոպացի վարչապետներից ու նախագահներից շատերը վերջապես սկսել են վայելել իրենց վաստակած արձակուրդները: Հետաքրքիրն այն է, որ իրենց հանգիստը կազմակերպելու օրինակով առաջնորդներից շատերը որոշել են ցույց տալ իրենց երկրի քաղաքացիներին, որ անհանգստացած են տիրող ճգնաժամով: Օրինակ նրանցից ոմանք գերադասել են իրենց հանգստավայրը հասնել սովորական գնացքով, մյուսներն էլ օգտվել են էժան ավիաուղիներից:

Սկսենք Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդից: Դեռևս իր նախընտրական արշավի ընթացքում այժմ Ֆրանսիայի նորընտիր նախագահը խոստացել էր “սովորական նախագահ” լինել: Միգուցե այս պատճառով է, որ Օլանդն իր արձակուրդներն անցկացնում է առանց թանկարժեք զբոսանավերի և միլիարդատեր ծանոթների ընկերակցության: Փարիզի Լիոն կայարանից սովորական գնացքով նա իր կողակցի հետ ուղեվորվել է Բրեգանսոն, որտեղ և այժմ հանգստանում է:

Ինչ վերաբերում է գերմանիայի նախագահ Յոհակիմ Գաուկին, նոր պաշտոնում առաջին արձակուրդը նա անցկացնում է օլիմպիական Լոնդոնում, որտեղից նա մեկնելու է լեհական Կոստշին քաղաքում Օդրա գետի ափին, որտեղ իր նախաձեռնությամբ մեկնարկել է եվրոպական ամենախոշոր ռոք-փառատոններից մեկը:

Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին միքանիօրյա հանգիստ է անցկացրել Մաջիորեյի ափին գտնվող իտալական Արոնա գյուղում, որը նաև երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի ամենսիրելի վայրերից է:

Հերթական՝ վեցերորդ անգամ միևնույն տեղում է հանգստանում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Իտալիայի գերմանախոս Հարավային Տիրոլ շրջանում՝ 1900 մետր բարձրության վրա գտնվող Մարլեթ հյուրանոցում են Մերկելն ու իր ամուսինն անցկացնում իրենց ամառային արձակուրդները: Մերկելի այս արձակուրդների ականատեսների խոսքերով այս տարի գերմանական կանցլերն ավելի շատ թիկնապահներով է շրջապատված, քան նախորդ տարիներին:

Ինչ վերաբերում է տնտեսական ծանր իրավիճակում գտնվող եվրոպական երկրների առաջնորդներին, ապա արձակուրդը նրանց համար երկրորդական պլան է մղված:

Օրինակ, Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը հրաժարվել է արձակուրդի գնալու գաղափարից: Փոխարենը նա ակտիվ բանակցությունների մեջ է Հունաստանի վարկատուների ներկայացուցիչների հետ: Նույնը նա պահանջել է նաև իր աշխատակազմից: Մյուս կողմից, Պորտուգալիայի վարչապետ Պեդրո Պասոս Կոելյոն թույլ է տվել իր աշխատակիցներին հանգստի գնալ, սակայն մի պայմանով. Վերջիններս չպիտի հեռանան երկրից: Ինքը Կոելյոն պատրաստվում է երկուշաբաթյա հանգիստ վայելել իր ընտանիքի հետ՝ կրկին հայրենիքում:

Հունաստանի օրինակով է շարժվում նաև իսպանական կառավարությունը: Երկրի նախարարների մեծամասնությունը հնարավորինս հետաձգել են իրենց արձակուրդները, իսկ հանգստացողներն էլ իրենց բնակության վայրերին մոտ են կազմակերպում հանգիստը: Երկրի վարչապետ Մարիանո Ռահոյն նշել է. “Բոլոր հանգստացողներին, ովքեր կարող են դա իրենց թույլ տալ, լավ արձակուրդներ եմ մաղթում”:

Ինչևէ, գաղտնի է պահվում Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Կեմերոնի հանգստյան վայրը: Նրա մամլո ծառայության տարածած տեղեկատվության համաձայն՝ Կեմերոնն իր երկուշաբաթյա արձակուրդները կանցկացնի մայրցամաքային Եվրոպայում՝ կնոջ և երեք զավակների հետ միասին:

Եվ վերջում հավելենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես մեկնել է արձակուրդի, և որոշ ԶԼՄ-ների տարածմամբ նա հանգստանում է գերմանական Բադեն-Բադենում…

Պատրաստեց՝ Կարինե Օհանյանը