Ինչ ենք սպասում Եվրոպայից

Եվրաինտեգրման մասին խոսելն այսօր մոդայիկ և արդիական է դարձել, այդ թեման արծարծվում թե՜ քաղաքական գործընթացներին անդրադառնալիս, թե՜ մարդկանց ամենօրյա կյանքում: Քիչ թե շատ ավանդապաշտ մարդիկ, կամ այդպիսին երևալ ցանկացողները, կատաղի պայքար են մղում «եվրոպական թիթիզությունների» դեմ և եվրոպական արժեքների որդեգրման մեջ տեսնում հասարակության թերացումների պատճառը, իսկ ժամանակակից թվալ ցանկացողներն ամեն կերպ իրենց փորձում են ազատ ձևացնել՝ դրա մեջ տեսնելով Եվրոպան:

Այն որ եվրաինտեգրումը կարևոր է այսօր ՀՀ-ի համար այնքան էլ բանավեճի առիթ չէ, և եթե փորձեմ քաղաքագիտական տեսակետից հիմնավորել ասածս, փաստարկներս քիչ չեն լինի: Սակայն այսօր կուզեմ խոսենք սովորական հայ քաղաքացու և Եվրոպայի՝ նրա պատկերացումների ու եվրաինտեգրումից ունեցած ակնկալիքների մասին:

Ի՞նչ է այսօր խորհրդանշում մեզ համար Եվրոպան. բարեկեցություն, չհաշված տնտեսական խորացող ճգնաժամը, հինավուրց ամրոցներ ու գեղեցիկ տեսարժան վայրեր, բրենդային խանութներ, ազատ մարդկային հարաբերություններ… այս շարքը կարելի է շարունակել: Եվրոպան և եվրոպական հասարակությունը խիստ բազմազան է իրականում, շատ ավելի խորքային, քան մենք պատկերացնում ենք, և չի սահմանափակվում այն աքսիոմատիկ դարձած բացասական երևույթներով, որոնցով մենք այն օժտում ենք:

Եվրոպան կարող է լավ ուսուցիչ և օրինակ լինել, որից շատ դասեր կքաղենք ցանկության դեպքում: Եվրոպական հասարակությունը խիստ բազմազան է, և յուրաքանչյուր եվրոպացի, առաջին հերթին, որոշակի ազգի ներկայացուցիչ է, որն, ի դեպ, հաճախ մեզանից էլ լավ գիտի իր ազգի պատմությունը, պահպանում է իր ավանդույթներն ու սովորույթները: Թյուր է այն պատկերացումը, թե եվրոպականացումը ձուլման է հանգեցնում, կամ թե ֆիզիկական սահմանների վերացումը հանգեցնում է ազգայինի կորստին: Եվրոպայի յուրահատկություններից մեկը հենց բազմազանության ներդաշնակությունն ու դրա հիմքում ընկած հանդուրժողականությունն է, ավանդույթների ու ազգային դիմանկարի պահպանումը: Դժվար թե Երևանի փողոցներում այսօր հայկական ազգային տարազով մարդ տեսնեք և դա չհարուցի ձեր զարմանքը, իսկ Էդինբուրգում կիլտերով տղամարդը շատ սովորական երևույթ է:

Ինչո՞ւ չընդօրինակենք եվրոպացիներից պատմական հուշարձանների հանդեպ իրենց ունեցած հարգանքը, կարգապահությունն ու օրինապահությունը, հանդուրժողականությունն այլ կրոնների և ազգերի հանդեպ:

Եվրոպան չէ մեր թերացումների մեղավորը, այլ մեր անկարողությունն՝ ընդօրինակել մեզ համար անհրաժեշտը:

Աննա Կարապետյան