Եվրոպայում “թեժ” է, և ոչ միայն եղանակն ու տնտեսությունը

Եվրոպայում “Շոպենն ու Իր Եվրոպան”, “Արթուր թագավորը”, Սթիվեն Օսբորն (դաշնամուր), Հեդվիգ Բիլգրամ (երգահան) ու Գաբոր Բոլդորսկի (շեփոր)…փառատոններ, համերգներ, բոհեմ… Իսկ ես նստած համակարգչի հետ կռիվ եմ տալիս…

Ավարտվում է այդքան սպասված ու ակնթարթ թվացող տաք ամառը: Ամառն այս անգամ “թեժ” էր նաև Եվրոպայի համար: Մեր եվրոպացի հարևանները ևս ճաշակեցին մեզ համար “երանելի անտանելի” շոգը: Ինչևէ, վայելեցինք “մանկացնող” ամառն ու թարմ ուժերով փորձում ենք հետևել, թե ինչ ենք բաց թողել կամ հենց այս պահին բաց թողնում Եվրոպայում: Ինչպես միշտ, այստեղ մշակութային եռուզեռ է:

Սակայն 2012թ.-ը եվրոպական մշակութային կյանքի համար առանձնակի կարևորություն ունի. այս տարի Եվրոպական Փառատոնների Միությունը նշում է իր ադամանդե հոբելյանը: Դեռևս Բեռգենում այս առիթն իր շուրջն էր հավաքել Միության անդամներին` փառատոնների շրջանակներում մեկտեղելով գործընկերներին, ընկերներին ողջ աշխարհից ու առավել լայն մշակութային ու մասնագիտական համայնքներից: “60 տարի շարունակ. Փառատոններն ու Աշխարհը” նշանաբանի ներքո ընթացող եռուզեռում այսօր տարվում է փառատոնների այն “պատասխանատու” աշխատանքը, որ վաղվա աշխարհն է եզրագծում:

Այս ամիս Եվրոպա այցելած զբոսաշրջիկները պարզապես հիացան հանրահայտ “Ծաղկե գորգ”-ով (“Tapis de Fleurs”): Այն ընդգրկում էր շուրջ 20.000 քառակուսի ոտնաչափ տարածք Բրյուսելի կենտրոնական Գրան Պլաց հրապարակի հենց սրտում: Ամեն երկու տարին մեկ Գրան Պլացն այսպես զարդարում են բեգոնիաները: 77մ x 24մ տարածքով այս ավելի քան մեկ միլիոն բեգոնիաներով հիասքանչ գորգը “գործում” են շուրջ 120 կամավորներ: Այս տարի “Ծաղկե Գորգը” նվիրված էր Աֆրիկային: Գորգի մոտիվները բաղկացած էին եթովպացի, նիգերացի, կամերունցի և այլ աֆրիկյան ծագման նկարիչների գլուխգործոցներից:

Ահա, թե ինչեր կարող է անել Եվրոպան: Վերջինս, սակայն, աչքը շոյող միջոցառումներից զատ մեր լսելիքը շոշափելու հմտություններ ևս ունի: Դասական և ժամանակակից երաժշտությունից մինչև թատրոն և պարեր… մի խոսքով, ամառը Եվրոպայի մշակութային գլխավոր առաջարկները վայելելու ժամանակն էր: Սակայն տխրել շտապող մեր ընթերցողներին հուշենք, որ դեռ կարող են շտապել Սլովենիա` վայելելու Լյուբլյանայի ամենամյա պարերի և թատրոնի փառատոնին: Այն առավելապես հայտնի է ժամանակակից առաջադիմական թատրոնի երիտասարդ տաղանդների բացահայտմամբ: Եթե այդպիսին Ձեր մեջ դեռևս չեք բացահայտել, մի վհատվեք, մյուս տարին գուցե Ձեզ ժպտա, կամ էլ կարող եք պարզապես լրացնել մշակութասեր ունկնդիրների կամ ակնդիրների հոծ շարքերը:

Սեպտեմբերի սկզբին էլ կարելի է հասցնել Նիդեռլանդներ, Ուտրեխտ այցելել` ընմբոշխնելու “Gaudeamus Muziekweek” կոչվող երիտասարդ երգահանների և նոր երաժշտության հետաքրքիր միքսերը:

Դե եթե սեպտեմբեր, ուրեմն ընթերցանություն` գրքեր, գրքեր ու էլի գրքեր… Մեր ընթերցասեր ընկերներին հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ից 15-ը Բեռլինում իրենց արվեստը քննարկելու նպատակով կհավաքվեն ավելի քան 1000 գրողներ ողջ աշխարհից:

Թերևս, Եվրոպայում հաջորդ փառատոններին մասնակցելու անկեղծ ակնկալիքով ազդարարենք սեպտեմբերի երաժշտական “ակորդը”, որ կհնչի Ավստրիայում` “Steirischer Herbst” փառատոնի շրջանակներում:

Միաժամանակ չենք մոռանում մեր մշակութային ժառանգության մասին և Հայաստանում գտնվող մեր հայրենակիցներին ու եվրոպացի ընկերներին հիշեցնում, որ այսօր մեկնարկում է Առնո Բաբաջանյանի անվան պատանի դաշնակահարների հանրապետական 9-րդ մրցույթը: Անվանի կոմպոզիտորի անունը կրող մրցույթը հիմնադրվել է 1986 թվականին և իրականացվում է երեք տարին մեկ անգամ: Մրցույթի նպատակն է բացահայտել շնորհալի պատանի դաշնակահարներին, օժանդակել նրանց ստեղծագործական գործունեությանը, նախապատրաստել միջազգային մրցույթների, նպաստել հայ կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործությունների տարածմանը: Շտապենք ըմբոշխնելու Բաբաջանյանին..

Քրիստինե Հովսեփյան