ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ 60մլն ԵՎՐՈ ԿՀԱՏԿԱՑՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Եվրամիությունը Հայաստանին €60 մլն կտրամադրի` երկրում դատաիրավական բարեփոխումների, տնտեսական համագործակցության և ԵՄ-ի ու Հայաստանի միջև համաձայնագրերի համար: Եվրոպական Հանձնաժողովի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ֆինանսական օժանդակությունը տրամադրվելու է երկկողմ համագործակցության պլատֆորմի, ԵՄ-ի հետ քաղաքական ասոցացման եւ տնտեսական ինտեգրման շրջանակներում:

Աջակցությունը կներառի ազգային կարևոր հաստատությունների համար վերապատրաստման հնարավորություններ, փորձագիտական խորհուրդներ, իրավաբանների, դատավորների և դատախազների դպրոցների հիմնում, ինչն իր վերջնական արդյունքում պետք է ստեղծի անկախ, թափանցիկ արդարադատություն, որը պետք է ծառայի հայ ժողովրդին, ասված է ԵՄ-ի պաշտոնական կայքում:

Ֆինանսավորում կուղղվի նաև այն կառույցներին, որոնք պատասխանատու են բանակցությունների փուլում գտնվող ԵՄ-Հայաստան պայմանագրերի, մասնավորապես, Ասոցացման համաձայնագրի, Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի և Վիզային ռեժիմի դյուրացման և ռեադմիսսիայի պայմանագրերի իրականացման համար:

Հարավային Կովկասից Արևելյան գործընկերության մեկ այլ անդամ ևս` Վրաստանը, ԵՄ-ից կստանա €60 մլն, որը կուղղվի գյուղատնտեսության արդիականացմանն ու սննդի անվտանգությանը:

Ադրբեջանը ԵՄ-ից ավելի քիչ ֆինանսական աջակցություն կստանա` €19,5 մլն, որը կուղղվի արդարադատության և միգրացիայի ոլորտներին:

28.08.2012