Ինչու՞ եմ ես երջանիկ

Երբևիցե տվե՞լ եք Ձեզ այդ հարցը…Ցավում եմ, բայց համոզված եմ, որ մեզանից շատերն այս հարցն իրենց չեն տվել: Մենք պատրաստ ենք ամեն րոպե հարցնել` “ինչու՞ եմ ես դժբախտ”, բայց ոչ երբեք՝ ինչու` երջանիկ:

Գուցե դա գալիս է այն պարզ հոգեբանությունից, որ մենք բոլորս էլ մեզ համարում ենք արժանի լինելու երջանիկ. այդպես էլ պետք է լիներ, չէ-որ ես արժանի եմ… Մինչդեռ չկա իրեն դժբախտ համարող մի մարդ, ով ընդունի իր դժբախտության արդարացիությունը:

Եկեք մի պահ վերանանք այդ պարզ մոտեցումից և փորձենք հարցնել ինքներս մեզ` «ինչու՞ եմ երջանիկ»: Հենց այդ հարցն է, որ ստիպում է խոստովանել այն լավն ու բարին, այն դրականը մեր կյանքում, որ կա այս պահին, բայց որ կարող էր և չլիներ: Այս հարցը մեզ ստիպում է մտաբերել հարազատ դեմքեր, ովքեր ամեն օր մեզ հետ են, բայց Աստված մի արասցե, կարող էին և չլինել: Ի վերջո այս հարցը մեզ ստիպում է իրապես գնահատել կյանքում մեզ տրված բազմաթիվ հնարավորություններ, որոնք օգտագործում ենք, վայելում ենք  դրանց պտուղները, բայց էլի, որոնք կարող էին չտրվել…

Հենց այս մտքի վրա մի օր ինձ “բռնեցրի” ու հասկացա, որ ես երջանիկ եմ: Երջանիկ եմ, որովհետև ունեմ հոգատար ծնողներ, անգին եղբայր ու սիրելի ամուսին, ունեմ ամուր ընտանիք, որն ինձ գրկաբաց սպասում է ամեն երեկո: Երջանիկ եմ, որովհետև ունեմ նվիրված ընկերներ, լավ աշխատանք ու անփոխարինելի գործընկերներ: Որովհետև ապրում եմ ազատ ու խաղաղ Հայաստանում, որ օրեցօր ծաղկում է ու դեռ պիտի ծաղկի, որովհետև գիտակցում եմ, որ դրանում կարող եմ իմ ներդրումն ունենալ, թեկուզ չնչին… ու էլի ինչքան «որովհետևներ» կան, որոնց “պատճառով” ես երջանիկ եմ:

Իսկ Դուք դեռ չհարցրեցի՞ք Ձեզ ինչու եք Դո’ւք երջանիկ…

Լիլիա Ամիրխանյան