Հայաստանում նոր շարժում է ձևավորվում. հեծանվաերթ

Եվրոպական կենսակերպի մասին մտածելիս առաջին ասոցացիաներից մեկը մարդկությանը հայտնի փոխադրամիջոցներից թերևս ամենաքաղաքակիրթը համարվող հեծանիվ վարելու մշակույթն է: Վերջինս ոչ միայն ասոցացվում է եվրոպական քաղաքների հետ,  այլև մի շարք առավելությունների ամբողջություն է կազմում: Հռոմի և Պրահայի նման մարդաշատ քաղաքներ լինեն, թե հարյուրամյա քաղաքամերձ շրջաններ, հետզհետե ավելի ու ավելի շատ մարդիկ են տեղաշարժվում իրենց “սեփական էներգիայով”: Իրականում դա ավելի արագ է, քան խցանված փողոցներում բանակցելը, ավելի առողջարար է, քան մթնոլորտ արտանետված տարատեսակ գազեր շնչելը, ավելի հեշտ է, քան կայանավայրերում ազատ տեղ փնտրել-գտնելը և ավելի էժան է, քան մի գալոն գազի համար կրկնակի վճարելը:

Ամենաուրախացնող հանգամանքն այն է, որ տարիքն ամենևին էլ կապ չունի հեծանիվ վարելու հետ:  Եվրոպայի փողոցներում կարելի է հանդիպել հեծանիվներ կամ հեծանիվային կառքեր վարող ցանկացած տարիքի, մասնագիտության և նախասիրության տեր մարդկանց: Օրինակ արագընթաց հեծանվավարների երթուղի մուտք գործողներին սպառնում է վրաերթի ենթարկվելու վտանգը: Այստեղ մի փոքր սխալից մյուս հեծանվավարների ուղղած ագրեսիվ հայացքին արժանանալն արդեն իսկ բավական է, որպեսզի հասկանաս, որ այն թերագնահատել պետք չէ:

Իհարկե, հեծանիվ վարելու մշակույթն առաջին հերթին կապված է այն քաղաքների և երկրների մշակութային մթնոորտին, որոնք ակտիվորեն աջակցում են այս փոխադրամիջոցի ենթակառուցվածքների ապահովման գործին: Նման երկրների օրինակների շարքում են Դանիան, Հոլանդիան, Գերմանիան, Շվեդիան և Ճապոնիան: Մասնավորապես Կոպենհագենում և Ամստերդամում համապատասխանաբար քաղաքացիների 37 և 40 տոկոսը ամեն օր հեծանիվ են վարում:

Ենթադրվում է, որ կայացած հեծանվային երթուղիներով քաղաքներում լավ զարգացած ենթակառուցվածքներ են գործում, որոնք ներառում են մեքենաների երթուղիներից առանձնացված հեծանվային երթուղիների առկայություն, ինչպես նաև լայն հնարավորություններ քաղաքային երթերի համար, ներառյալ հեծանիվների համար նախատեսված կայանատեղիները: Որոշ երկրներում կան նաև այնպիսի ավաններ, որտեղ հեծանիվ վարելու մշակույթը տեղաբնիկների առօրյայի անբաժանելի մաս է կազմել մի քանի սերունդներ շարունակ՝ առանձնակի պետական աջակցություն չվայելելու դեպքում անգամ:

Ես հաճույքով կարող եմ նշել, որ Երևանում հեշանիվները հետզհետե շատանում են; եթե մի քանի ամիս առաջ միայն հատուկենտ անհատների կարելի էր նկատել հեծանիվ վարելիս, ապա այժմ  ինչ-որ իմաստով նորաձև է դարձել հեծանիվով շրջել թույլ լուսավորված երեկոյան Երևանի փողոցներով: Վերջիններիս թվում են ինչպես երիտասարդներ՝ տեխնիկապես լավ զինված և իրենց հագին հեծանվավազքի գույնզգույն համազգեստներով, այնպես էլ միջին տարիքի անձնավորություններ, ովքեր մտավոր հոգնածությունը ֆիզիկականով փոխարինելու են դուրս եկել:

Այո, դեռ կան խանդավառությամբ լեցուն մարդիկ՝ մյուսներից տարբերվող, մոդեռնիզացմամբ հանդես եկող և Հայաստանում հեծանիվ վարելու մշակույթին զարկ տվող, որոնք հավակնում են այս կենսակերպի ջատագովները դառնալ: Մեր հասարակության շրջանում շատերի ընկալումը ագրեսիվ և անհանդուրժող էր, և միգուցե դեռևս շարունակում է այդպիսին լինել:  Երևանյան երթևեկության քաոսի, համեստից մինչ ամենաճոխ և տարածական ուղևորատար ավտոմեքենաների նման բազմազանության պարագայում հեծանիվ վարելը կարող է խենթություն թվալ: Տրանսպորտային համակարգում առկա խնդիրներով զբաղված իշխանությունները քիչ հավանական է, որ դիտարկեն փողոցներում հեծանիվ վարելու համար անհրաժեշտ հատուկ քաղաքականությունների և օրենքների իրականացումն ու ընդունումը:

Ինչևէ, ես հավատում եմ, որ առկա շարժը հետզհետե կենսակերպ և, վերջիվերջո, ազգային մշակույթ կդառնա և հեծանվորդները մեքենաների վարորդներին հավասար ընդունված կլինեն մեր հասարակությունում: Ես հույս ունեմ, որ այս մարդկանց թիվը այնքան արագ կաճի, որ իշխանություններն արդեն ստիպված կլինեն հանդես գալ հեծանվաերթի կազմակերպմանն ո համակարգմանն ուղղված համապատասխան նախաձեռնություններով:

Հ.Գ Անձամբ ես արդեն ձեռք եմ բերել մի գեղեցիկ հեծանիվ՝ անհրաժեշտ բոլոր պարագաների հետ միասին: Հավատացեք, որ չկա մեկ այլ բան, որ կարող է համեմատվել հեծանիվ վարելու պարզ հաճույքի հետ:

Անի Գևորգյան