ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՈՒԼՐԻՔԵ ԼՈՒՆԱՉԵՔԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հարցը սեպտեմբերի 13-ին քննարկվելու է Ստրասբուրգում Եվրախորհրդարանի մարդու իրվաունքների հանձնաժողովում: Եվրախորհրդարանում ԵՄ-Հայաստան, ԵՄ-Ադրբեջան եւ ԵՄ-Վրաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ, ավստրիացի պատգամավոր Ուլրիքե Լունաչեքը հայ լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք պահանջելու են, որպեսզի ադրբեջանական իշխանությունները հետ վերցնեն հերոսի կոչումը Սաֆարովից, ինչպես նաեւ ազատազրկեն վերջինիս:
Ըստ Լունաչեքի՝ Հունգարիայի խորհրդարանն ու կառավարությունը պետք է ամեն դեպքում գրավոր բացատրագիր պահանջեն ադրբեջանական իշխանություններից, թե ինչու է Բաքուն դրժել իր տված խոստումը, բացի այդ խնդիրը բարձրացնել Եվրախորհրդարանի առաջ:
«Հունգարիայի կառավարությունն այս հարցում սխալ է թույլ տվել՝ հավատալով ադրբեջանական խոստումներին: Ադրբեջանի իշխանություններն ու նախագահ Իլհամ Ալիեւն են պատասխանատվություն կրում տարածաշրջանում ներկայիս լարվածության համար: Բացի այդ Ալիեւը գործում է ընդդեմ եվրոպական արժեքների՝ մարդասպան Սաֆարովին հերոսացնելով ու զինվորական կոչումը բարձրացնելով», – նշեց Եվրախորհրդարանի պատգամավորը: