Շախ և մատ

Կան հաղթանակներ, որոնք ավելին են քան հաղթանակը: Հայաստանի հավաքականի սեպտեմբերի 9-ի հաղթանակը Շախմատի Օլիմպիական խաղերում նմանվում է սքանչելի “մատի” այն բոլոր իրադարձությունների համատեքստում, որոնք տեղի են ունենում Հայաստանի շուրջ վերջին օրերին: Հաղթանակ մի երկրում, որի հետ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ, ու միաժամանակ, այն երկրի ներկայացուցիչների նկատմամբ, որոնց հետ օրերս ենք կասեցրել դիվանագիտական հարաբերությունները. մի՞թե սա չէ մեր հարևան երկու երկրների կողմից հակահայկական հիստերիկ քաղաքականությանը տրված ամենակարևոր պատասխանը:

Մեր երիտասարդ մարզիկները հաստատեցին. կարելի է հաղթել առանց կաշառքի և կարելի է բարձրանալ հաղթական պատվանդանին արդեն երրորդ անգամ, քանի որ տաղանդը միշտ “հարթում է” հաջողության ճամփան՝ անգամ հազարավոր անբարյացկամ մարդկանց շրջապատում…

Այսպիսով, Ստամբուլում կայացած Շախմատի համաշխարհային օլիմպիադայում լրացուցիչ ցուցանիշներով ՀՀ շախմատի հավաքականը նվաճեց հաղթողի կոչումը:

Վերջին՝ 11-րդ փուլում, հայ շախմատիստների կվարտետը, որը գլխավորում էր Լևոն Արոնյանը, հաղթանակ տարավ հունգարացիների նկատմամբ 2,5:1,5 հաշվով: Հունգարիայի դեմ պայքարում հաղթական միավորը մեր թիմին բերեց Սերգեյ Մովսեսյանը:

Հավաքելով 19 միավոր՝ ՀՀ հավաքականը նվաճեց առաջին տեղը: Ռուսաստանի հավաքականը, որը նույնքան միավոր էր հավաքել, որքան հայերը, այլ ցուցանիշներով զբաղեցրեց երկրորդ տեղը: Երրորդ տեղում 18 միավորով հայտնվեցին Ուկրաինայի շախմատիստները:

Սա հայ շախմատիստների թվով երրորդ հաղթանակն էր Շախմատի համաշխարհային օլիմպիադայում: Առաջին երկուսը եղել են Թուրինի և Դրեզդենի առաջնություններում, համապատասխանաբար 2006 և 2008թթ.:

Հայկական շախմնատի ասղտային հավաքականին հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է ՖԻԴԵ-ի Կիրսան Իլյումժինովը, որից հետո Ստամբուլում հնչեց հայկական օրհներգն ու բարձրացվեց եռագույնը: Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Պետրոսյանը, Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանն ու գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանը պարգևատրվեցին ոսկե մեդալներով:

Ընդ որում, շախմատի Հայաստանի հավաքականի առաջնորդը Twitter սոցիալական ցանցի իր էջում արդեն հասցրել է կիսվել հաղթական ուրախությամբ. “Այնպես հպարտ եմ լինել այսպիսի թիմի անդամ: Ուռա, ուռա, ուռա”:

Հետաքրքիր է, որ Ստամբուլում տեղի է ունեցել ՖԻԴԵ-ի համագումարը, որտեղ որոշում կայացավ 2016թ. Շախմատի օլիմպիադան անցկացնել Բաքվում: Նախքան վերջնական քվեարկությունը ՖԻԴԵ-ի գործադիր հանձնաժողովը Ադրբեջանից պահանջեց բոլոր մարզիկների անվտանգության ապահովման երաշխիք:

Հայաստանի ներկայացուցիչները հայտարարել են, որ եթե 2016թ. Օլիմպիադան անցկացվի Բաքվում, հայ շախմատիստներն այնտեղ ներկա չեն լինի:

… Սաֆարովի՝ Ադրբեջանում հերոսացումից հետո, կարելի է կարծել, որ ՖԻԴԵ-ի համար դժվար կլինի համոզել հայ մարզիկներին, որ ադրբեջանական հողում քնելն անվտանգ է…

Նյութը տրամադրել է՝

«Արմեդիա» ՏՎԳ