ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՍԱՖԱՐՈՎԻ ԳՈՐԾՈՎ ԲԱՆԱՁԵՎԸ

Այսօր, սեպտեմբերի 13ին, Եվրոպական խորհրդարանն ընդունեց «Ադրբեջանի հարցով բանաձև. Ռամիլ Սաֆարովի գործը»: Քննարկումների ընթացքում ելույթ ունեցող պատգամավորներից շատերն դատապարտել են Ադրբեջանում Սաֆարովի հերոսացումը՝ անվանելով հերոսացման փաստը՝ «շոկ քաղաքակիրթ աշխարհի համար»։ Մասնավորապես ավստրիացի պատգամավոր Ուլրիքե Լունաչեքն իր ելույթում ընդգծել է, որ հունգարական իշխանությունը պատասխանատվության իր բաժինն ունի արտահանձմանը հաջորդած իրադարձություններում։ Նրա խոսքով՝ Հունգարիան տեղյակ է եղել, թե ինչ իրադարձություններ են հաջորդելու, սակայն Հունգարիայի վարչապետը անտեսել է դրանք, եւ հնարավոր է, որ Ադրբեջանի հետ գաղտնի գործարք է կնքել, որպեսզի երկիրը ճգնաժամից դուրս բերի։

Բանաձևը ներկայացվել է խորհրդարանի 5 խմբակցությունների կողմից։

Բանաձևում նշված է.

«Հիմք ընդունելով Ադրբեջանում տիրող իրադրության մասին ընդունած իր նախորդ, հատկապես՝ մարդու իրավունքների վերաբերյալ բանաձևերը, Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու առնչությամբ ԵՄ կառույցների հայտարարությունները, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հայտարարությունը՝ հրապարակված սեպտեմբերի 3-ին, ըստ որի` Հունգարիան գործել է իր միջազգային պարտավորություններին համապատասխան (Էքստրադիցիայի վերաբերյալ միջազգային օրենքում ամրագրված փորձը, Էքստրադիցիայի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի, մասնավորապես՝ Դատապարտյալների արտահանձնման մասին կոնվենցիան, Ադրբեջանի Արդարադատության փոխնախարար Վիլայաթ Զահիրովի պաշտոնական նամակն՝ ուղղված Հունգարիայի Հանրային կառավարման եւ արդարադատության նախարարին) Եվրոպական խորհրդարանը համարում է, որ նախագահի կողմից նման կարճ ժամկետներում ներում շնորհելը հարցականի տակ է դնում Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու խնդրագրի դրդապատճառները, որոնք չեն համապատասպանում օգոստոսի 15-ին Հունգարիային ուղղված՝ Ադրբեջանի արդարադատության փոխնախարար Վիլայաթ Զահիրովի նամակի բովանդակությանը:

Որպես հետևանք` Հայաստանը 2012 թվականի օգոստոսի 31-ին խզեց հարաբերությունները Հունգարիայի հետ:

Բանաձևի համաձայն՝ հայ զինվորի մարդասպանին ներում շնորհելը սրում է տարածաշրջանային լարվածությունը: Հաշվի առնելով վերը նշվածները` Եվրոպական խորհրդարանը՝

1. Ափսոսանք է հայտնում մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում մեծ շուքով ընդունելու, ինչպես նաև նրան մայորի կոչում շնորհելու եւ ժամանելուն պես նրան՝ իր 8 տարվա աշխատավարձի չափով գումար շնորհելու առնչությամբ:

2. Քաջալերում է Հայաստանին եւ Ադրբեջանին` շարունակել հաշտեցման գործընթացը:

3. Հիշեցնում է, որ Ասոցացման համաձայնագիրը, որի ստորագրման շուրջ Ադրբեջանի հետ ներկայումս բանակցություններ են ընթանում, ընդգրկում է մարդու իրավունքների պաշտպանության եւ խթանման դրույթներ ու չափորոշիչներ, որոնց պետք է հետևել:

4. Կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին` ջանքեր գործադրել՝ բարեփոխելու դատական ողջ համակարգը, մասնավորապես` դատական կարգով հետապնդման, դատավարության, դատապարտման, ազատազրկման ու բողոքարկման գործընթացները:

5. Կոչ է անում Ադրբեջանին՝ ենթարկվել այս երկրի մասով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած բոլոր վճիռներին:

6. Հանձնարարում է Եվրախորհրդարանի նախագահին, որպեսզի նա այս բանաձևը փոխանցի Եվրոպայի խորհրդին, Հանձնաժողովին, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությանը, Ադրբեջանի եւ ԵՄ անդամ պետությունների կառավարություններին եւ խորհրդարաններին: