Տնտեսական առաջխաղացում եվրոպական ինտեգրացիայում

ՀՀ վիճակագրության ազգային գրասենյակը հրապարակել է առևտրային հարաբերություններով կապված երկրների ներմուծման կառուցվածքի վերաբերյալ ընթացիկ տարվա առաջին յոթ ամիսների տվյալները: Համաձայն ներկայացված նյութերի, ներմուծվող ապրանքների ընդհանուր ծավալի 23,1%-ը բաժին է ընկնում ԱՊՀ երկրներին, 24,6%-ը՝ Եվրամիությանը:

Նշենք, որ ներմուծման բնագավառում Հայաստանի գլխավոր գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը: Այդ երկրին բաժին է ընկնում ներմուծվող արտադրանքի 18,1%-ը: Միևնույն ժամանակ, որոշակի ակտիվություն են ցուցաբերել ԱՄԷ-ն, Իրանը և Չինաստանը:

Ներմուծող երկրների տասնյակում հայտնվել են նաև Վրաստանը, Շվեյցարիան, Թուրքիան, Ուկրաինան, Գերմանիան, Միացյալ Թագավորությունը:

Հատկանշական է, որ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած Հայաստան ապրանքներ ներմուծող երեկրների տասնյակի մեջ առաջընթաց են գրանցել Շվեյցարիան, Իրանը և Չինաստանը: Այսպես, յոթ ամսվա ընթացքում Շվեյցարիայից Հայաստան իրականացվող ներմուծման չափերն ավելացել են 73%-ով, Իրանից՝ 21%-ով, իսկ Չինաստանից՝ 18%-ով:

Կարելի է ասել, որ առևտրի բնագավառում տվյալ երկրների հետ վերոնշյալ ցուցանիշները խոսում են Հայաստանի և այդ երեկրների միջև առկա ամուր հարաբերությունների մասին տնտեսական ոլորտում, ինչն էլ իր հերթին վկայում է, որ Հայաստանի հարաբերություններն այդ երկրների հետ քաղաքական առումով բարձր մակարդակի վրա են գտնվում: Դա իր հերթին նպաստում է մշակութային, հասարակական և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ձևավորմանը, ամրապնդմանն ու ընդլայնմանը: Հաշվի առնելով, որ ներմուծվող ապրանքների ընդհանուր ծավալի 24,6%-ը բաժին է ընկնում Եվրամիությանը, այս ցուցանիշը համադրելով վերոնշյալ փոխկապակցված շղթայի հետ, կարելի է ասել, որ Հայաստանը շարունակում է հստակ քայլերով առաջ գնալ դեպի եվրաինտեգրում՝ ջանք չխնայելով սերտ համագործակցության համար անհրաժեշտ բոլոր քայլերը ձեռնարկելու հարցում ինչպես տնտեսական, այնպես էլ մի շարք այլ ոլորտներում:

Արմինե Հարությունյան