ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՕՐ 2012 ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ԱՅԳՈՒՄ

Յուրաքանչյուր տարի, Անկախության օրվա նախաշեմին` սեպտեմբերի 19-ին, Հայաստանում նշվում է Քաղաքացիական հասարակության օր: Այս տոնը կոչված է բնակչության լայն շերտերի շրջանում տարածել քաղաքացիական հասարակության գաղափարը և դարձնել նրանց այդ գաղափարի կրողը: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր տարի այն անցնում է «Քաղաքացիական հասարակությունը մենք են» կարգախոսի ներքո:

Այս տարի սեպտեմբերին Հայաստանի բնակիչները ևս մեկ հնարավորություն ունեցան լսելու և խոսելու Հայաստանի քաղաքացիական հասարակության և նրա հաջողությունների մասին: Այս տարի ՔՀ օրը անցկացվեց սեպտեմբերի 19-ին ավանդույթ դարձած վայրում՝ Երևանի Սիրահարների այգում:

2012թ.-ի քաղաքացիական հասարակության օրվա միջոցառումները նվիրված էին քաղաքացիական հասարակության հիմքում կանգնած պատանիներին և երիտասարդներին: Միջոցառումները անցկացվեցին “Քաղաքացիական հասարակության կերտողներ” խորագրի ներքո:

Տոնակատարության ընթացքում տեղի ունեցավ տեղեկատվական ցուցահանդես՝, որտեղ հնարավորություն ընձեռնվեց ծանոթանալու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ կազմակերպությունների գործունեությանն ու ներգրավվելու հնարավորություններին: Միջոցառման մաս կազմեցին նաև Ֆորում-թատրոնը, բանավեճերն և ինտերակտիվ դասընթացները և համերգային ծրագիրը:

Քաղաքացիական հասարակության օրվա 2012թ-ի միջոցառումներն իրականացվեցին հետևյալ կազմակերպությունների նախաձեռնությամբ՝ Ջինիշյան հիշատակի հիմնադրամ, Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ, Քաղաքացիական հասարակության համագործակցության հիմնադրամ, Deem Communications ընկերություն, Դեպի Հայք հիմնադրամ, Երիտասարդ առաջնորդների դպրոց, Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստան և այլն:

Առաջին անգամ Քաղաքացիական հասարակության օրը նշվել է 2009 թվականին, երբ Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի (ՔԶՀՀ) և նրա գործընկերների ջանքերով Երևանի Սիրահարների այգում կազմակերպվեց “Քաղաքացիական հասարակությունն իմ աչքերով” լուսանկարների ցուցահանդես-մրցույթ և համերգ: