21-րդ տարին՝ 21-րդ դարի սեպտեմբերի 21-ին

Ինչո՞վ է առանձնանում Հայաստանի Երրորդ Հանրապետության 21-րդ տարեդարձը մեզ համար:

Հետզհետե պատմության ժամանակացույցին ավելացնելով մեր անկախ հանրապետության տարիքը, տարեց տարի կարծես ավելի մեծ խանդավառություն է մեզ համակում: Խոսքս, շատերիս հայտնի պարզ պատճառով, առաջին հերթին վերաբերում է անկախության առթիվ կազմակերպվող և կազմակերպվելիք տարաբնույթ միջոցառումներին, հաճախակի հանդիպող ազգահայրենասիրական երգուպարին, շուրջբոլորը տիրող բարձր ու տոնական տրամադրությանը, դրոշակներին, փուչիկներին, հրավառությանը և այսպես շարունակ:

Խորհրդանշական մի յուրօրինակ զուգադիպության ենք ականատես լինում այս տարի՝ ի դեմս 21-րդ դարում սեպտեմբերի 21-ին Հայաստանի՝ որպես անկախ պետության 21-րդ տարեդարձը նշելուն: Եթե փորձենք այս երեք տվյալներն ամբողջացնել՝ միմյանց պատճառահետևանքային հնարավոր կապ կամ խորհուրդ հաղորդելով, ապա կունենանք հետևյալ պատկերը:

21-րդ դարը հայնտի է գիտատեխնիկական բնագավառում գրանցած և դեռ շարունակվող զգալի առաջընթացներով: Թերևս, եթե ոչ բոլորը, ապա մեզանից շատերը միանշանակորեն կհամաձայնեն, որ այն արագությամբ, ինչպես զարգացավ գիտությունն այս վերջին տանսամյակների, և հատկապես, վերջին տաս տարիների ընթացքում, մարդկությունն օրինաչափորեն թերևս մեզ հայտնի նման արդյունքներ չի գրանցել:

Ժամանակատարածական արգելքներ հաղթահարելն այսօր առանձնակի դժվարություն չի ներկայացնում իրենից, եթե չասենք, որ այն րոպեների կամ անգամ վայրկյանների մեխանիկական աշխատանքի՝ ի դեմս այս կամ այն կոճակը սեղմելու արդյունք է;

Այսպես ունեցանք 21-րդ դարին բնորոշ ձեռքբերումը՝ գիտատեխնիկական “boom” (կամ մեր ոսկեղնիկ հայերենն օգտագործելով՝ գիտատեխնիկական “թնդյուն”):

Այժմ անցնենք սեպտեմբերի 21-ին: Դեռևս խորհրդային տարիներից մեզ ժառանգություն է մնացել սեպտեմբերը որպես աշխատանքային, ուսումնական նոր տարվա ազդարար համարելը: Իրավամբ սա այն լավագույն, ռացիոնալ ժամանակահատվածն է թվում, երբ մեծամասնության կողմից ընդունված ամառային և հանգստի ռեժիմից նոր ուժերով ու եռանդով “անցնում ենք գործի”: Իսկ սովորաբար հունի մեջ ընկնում ենք ամսվա կեսերին, և կարծում եմ առավել արդյունավետորեն աշխատում ամսվա հենց այս ժամանակահատվածում:

Իսկ թե ինչ տրամաբանական կապ ունի այս ամենի հետ Հայաստանի Անկախության 21-րդ տարեդարձը, կարծում եմ ինքներդ էլ կարող եք գուշակել: Այնուամենայնիվ, հնարավոր թյուրըմբռնումներից խույս տալու նպատակով նշեմ, որ ի հեճուկս անկախությունից ի վեր գրանցած ձեռքբերումների և, ինչու ոչ, ունեցած ձախողումների, արդեն վաղուց ժամանակն է ունեցածը պահպանելու, սխալներից սովորելու և իրավամբ առաջ ընթանալու համար համակարգված կերպով և ոչ ձևականորեն զարկ տալ գիտատեխնիկական հնարավորություններին:

Միմյանց համակցելով նշածս “21”-ները՝ փորձեմ ամբողջացնել նրանով, որ ժամանակակից հնարավորինս անկախ, իր ուրույն խոսքն ու դերն ունեցող երկիր լինելու համար պետք է սկսել հենց այսօրվանից (եթե ինչ-ինչ հարգելի կամ անհարգելի պատճառներով չենք հասցրել դա անել): Սկսել գործել…

Ամպագոռգոռ բայց իրատեսական լավատեսությանս զուգահեռ ցանկանում եմ բոլորիս նաև “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ ողջ անձնակազմի անունից շնորհավորել մեր հայրենիքի Անկախության օրվա՝ տոնի 21-րդ տարեդարձի կապակցությամբ:

Հ.Գ. Սեպտեմբերյան ներուժի արդյունավետ ապացույց է հենց այս սեպտեմբերին աշխարհում ինտելեկտուալ ամենահեղինակավոր խաղի՝ Շախմատի 40-րդ Օլիմպիադայում մեր հավաքականի տարած փայլուն՝ արդեն երրորդ հաղթանակը: Վերջինս վկայում է այն մասին, որ դեռևս զարգացման փուլում գտնվող Հայաստանի միտքը ոչ միայն գործունակ է, այլև առավելագույնս մրցունակ աշխարհի առաջատար և զարգացած պետությունների ինտելեկտի հետ: Ուրեմն մեզ բնորոշ լավատեսությամբ և առկա փայլուն օրինակներով մտածենք, գործենք, արարենք…

Հեղինե Նազարյան