ԵՄ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԵՎ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ ՇՏԵՖԱՆ ՖՅՈՒԼԸ ԿԺԱՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ին

ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն սեպտեմբերի 27-ին կժամանի Հայաստան: Այցի նպատակն է կրկին հաստատել Հայաստանի դերը որպես ԵՄ կարևոր գործընկեր, գնահատական տալ Եվրամիության հետ հարաբերությունների հետագա ամրապնդմանն ուղղված Հայաստանի ջանքերին, խրախուսել հանրապետությունում հետագա բարեփոխումները, ինչպես նաև ստորագրել երկու ֆինանսական պայմանագիր:

Երևան կատարած այցի շրջանակներում Շտեֆան Ֆյուլեն կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ինչպես նաև արտաքին հարաբերությունների և եվրոպական ինտեգրացման հարցերով խորհրդարանական հանձնաժողովների ներկայացուցիչների և ընդդիմության ներկայացուցիչների հետ:

Նա նաև կմասնակցի և ելույթ կունենա «Ժողովրդավարական կառավարման մեջ քաղաքացիական հասարակության դերի ուժեղացումը» սեմինարում:

Երևանյան հանդիպումներում եվրահանձնակատարը կընդգծի Հայաստանի համար ԵՄ ակտիվ աջակցությամբ բարեփոխումների ճանապարհով ընթանալու անհրաժեշտությունը: Նա կստորագրի 43 մլն եվրո գումարով երկու պայմանագիր` ուղղված ասոցիացիայի մասին համաձայնագրի ֆինանսավորմանը:

26.09.2012

Հայաստանի ԵՄ պատվիրակության գրասենյակ