ՇՏԵՖԱՆ ՖՅՈՒԼԵՆ ԽՈՍԵՑ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՍԵՄԻՆԱՐԻՆ

2012 թվականի սեպտեմբերի 27-ին և 28-ին ԵՄ խորհրդատվական խումբը կազմակերպում է սեմինար` նվիրված Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացմանը: Սեմինարը հնարավորություն է տալիս ավելի քան 200 քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպություններին և պետական մարմիններին քննարկել քաղաքացիական հասարակության ազդեցությանը և կայունությանն առնչվող խնդիրներ:

ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հանդես եկավ այսօր իր ներածական խոսքով: Շտեֆան Ֆյուլեն սեմինարի ժամանակ իր մտահոգությունը հայտնեց ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ ներման առթիվ: «Շատ դժվար պահ է Հայաստանի համար: Ափսոսում եմ, որ ոմանց կողմից խաղաղության գործընթացին վնաս է պատճառվել»,- ասաց ԵՄ ներկայացուցիչը: Նա կոչ արեց զսպվածություն ցուցաբերել եւ բառերի, եւ գործողությունների մեջ` նշելով, որ խաղաղության գործընթացն այս կերպ չպետք է ընդհատվի:

Հարցին` արդյոք Սաֆարովի «կորուստների» վերականգնումը հայրենիքում` աշխատավարձի վճարումը, բնակարանի հատկացումը, չի հակասում եվրոպական արժեքներին, Ֆյուլեն պատասխանեց, որ իր այցի ընթացքում կենտրոնանալու է խաղաղության հասնելու անհրաժեշտության վրա:

«Ես հարգում եմ այս հարցի շուրջ ձեր զայրույթը, հարցի` ձեր ընկալումը եւս: Նաեւ հասկանում եմ: Սակայն որքան էլ այն ցավոտ կարող է լինել, դիպչել խորքային այն մարտահրավերներին, որոնք մնալու են օրակարգում, ոչ ոք չպետք է այդ դեպքը առիթ դարձնի` մեզ հիմնական նպատակից շեղելու համար: Մենք պետք է շարունակենք աշխատել հանուն խաղաղության, որովհետև միայն խաղաղությամբ և կայունությամբ կարող ենք արժեք հաղորդել մյուս նպատակներին: Հայաստանի կողմից իր վիթխարի ներուժի իրացումը կախված է կայունությունից և կանխատեսելիությունից, որին կարելի է հասնել միայն հակամարտության վտանգը վերացնելու միջոցով”»,- նշեց Ֆյուլեն:

27.09.2012