Եվս մեկ քայլ առաջ դեպի Եվրոպա

Ինչպես հայտնի է, Հայաստանը միակողմանիորեն հանում է Շենգենի երկրների քաղաքացիների մուտքի վիզայի պահանջը

2013 թ. հունվարի 10-ից Եվրամիության անդամ 27 պետությունների, ինչպես նաեւ անդամ չհանդիսացող, սակայն Շենգենյան դրույթները (Schengen Acquis) կիրառող 4 պետությունների (Իսլանդիա, Լիխտենշտեյն, Նորվեգիա եւ Շվեյցարիա) քաղաքացիներն այժմ կարող են առանց մուտքի արտոնագրի ժամանել Հայաստան: ՀՀ արտգործնախարարության առաջարկով սույն որոշման նախագիծը ներառվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 4-ի նիստի օրակարգում:

Ինչպես նշված է «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում, առանց մուտքի արտոնագրի Հայաստան ժամանելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են երկրում մնալ 180 օր՝ մեկ տարվա ընթացքում:

Հարկ է նշել, որ Հայաստանը ներկայումս, Արևելյան գործընկերության շրջանակում, բանակցում է ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրի դյուրացման համաձայնագրի շուրջ՝ հետագայում ընդհանրապես մուտքի վիզաները հանելու նպատակով: Այդ համաձայնագրը կնախատեսեն ՀՀ քաղաքացիների համար Շենգենյան գոտու երկրներ մուտքի արտոնագրեր ստանալու դյուրացված ընթացակարգեր: Մուտքի արտոնագրերի տրամադրման պարզեցված գործընթաց է նախատեսվում մի շարք կատեգորիաների ՀՀ քաղաքացիների համար՝ պաշտոնական պատվիրակության անդամներ, գիտնականներ, ուսանողներ, լրագրողներ, սպորտի և արվեստի գործիչներ, ԵՄ երկրներում օրինական բնակություն ունեցողների մերձավոր ազգականներ: Գործընթացով նախատեսվում է նաև նվազեցնել Շենգենի մուտքի վիզայի գինը` 35 եվրո, և այն անվճար դարձնել վերը նշված կատեգորիաների, ինչպես նաև երեխաների ու թոշակառուների համար:

Այս առթիվ «Արմեդիա» ՏՎԳ-ին տված հարցազրույցում «Եվրոպական ինտեգրազիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունների նման նախաձեռնող քայլը եվրաինտեգրման գլոբալ հայեցակարգից զատ նաև մեծ քայլ է դեպի միջանձնային հարաբերությունների խորացումը հայերի և եվրոպացիների միջև: “Մենք ավելի ենք մոտենում Եվրոպային, և արդեն շուտով որոշակի կատեգորիայի մարդիկ, ինչպիսին են օրինակ գիտնականները, ուսանողները, մարզիկները, լրագրողները և այլն, կնկատեն եվրոպական ուղղվածությունում իրենց հնարավորությունների զգալի տարբերությունը”, ասում է վերլուծաբանը: Ինչ վերաբերում է ամուտքի արտոնագրի ռեժիմի միակողմանի վերացմանը, ապա, Բեքարյանի խոսքերով, պետք է միանշանակ սիմետրիկություն ակնկալել ամեն ինչից: Եվրաինտեգրացիային առնչվող հարցերում կարելի է հասնել նաև փուլ առ փուլ սիմետրիկության, որը քայլ առ քայլ կմոտեցնի մեզ Եվրոպային :

Միակողմանիորեն հանելով մուտքի վիզայի պահանջը՝ Հայաստանն, Ամենայն հավնաականությամբ, ակնկալում է արագացնել Շենգենյան երկրների մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի կնքումը: Այս քայլն արդեն իրականացվել է ԱլԳ անդամ այլ պետությունների, մասնավորապես, 2005թ.-ին Ուկրաինայի, 2006թ,-ին Վրաստանի և 2007թ.-ին Մոլդովայի կողմից:

Այսպիսով, Եվրոպան ավելի է մոտ է դառնում Հայաստանին և ինչպես ներկայացվում է մեր կարգախոսում՝ “Եվրաինտեգրացիա՝ փոքր քայլերի արվեստը”: Այդ քայլերն արդեն արվում են…

Կարինե Օհանյան