ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՎՈԼՖԳԱՆԳ ԲՅՈՐՆԶԵՆԻ «ՓՈՔՐ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԼԱՎ ՕՐԻՆԱԿՆԵՐ» ԳԻՐՔԸ ԹԱՐԳՄԱՆՎԵԼ Է ՀԱՅԵՐԵՆ

Հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, գերմանա-հարավկովկասյան խորհրդարանական խմբի նախագահ Վոլֆգանգ Բյորնզենի հեղինակած «Փոքր թերություններով լավ օրինակներ» գրքի շնորհանդեսը: Այս մասին հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Խորհրդարանական առօրյայի, պատգամավորների աշխատանքի մասին պատմող գիրքը հայերեն է թարգմանել «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը: Հրատարակությունը նախատեսված է որպես ավանդ խորհրդարանականներին աջակցության գործում, ինչպես նաև նպատակ ունի հասարակությանն իրազեկելու օրենսդիրի գործունեության մասին: Սակայն այդ ամենն ընթերցողին է մատուցվում գրավիչ և մատչելի ոճով գրված տեղեկատվությամբ:

Գիրքն իրենից ներկայացնում է մի աշխատություն, որը վերաբերում է ժողովրդի կողմից ընտրված իշխանության ներկայացուցչին, գրված է պաշտոնյայի կողմից, սակայն իր ոճով զերծ է պաշտոնականությունից: Գիրքը հանրամատչելի ոճով և երբեմն նաև հումորային երանգներով նկարագրում Է խորհրդարանական առօրյան. առօրյա, որը բնորոշ է գրեթե բոլոր երկրներին՝ իր նմանություններով և տարբերություններով: Այդ առօրյան ստեղծում են մարդիկ, տվյալ դեպքում՝ պատգամավորներ, ովքեր նման են իրենց պարտականություններով ու իրավունքներով և տարբեր են դրանք պետության, ընտրողի շահերին ծառայեցնելու և համադրելու անձնական ընկալումների առումով:

Հեղինակը՝ Վոլֆգանգ Բյորնզենը, ով քսանհինգ տարեկանից Բունդեսթագի խորհրդարանական է, ներկայացնելով գիրքը, այն բարձր է գնահատել հատկապես հայ-գերմանական միջխորհրդարանական կապերի ամրապնդման և խորացման տեսանկյունից՝ հույս հայտնելով, որ իր հեղինակած աշխատությունը կհետաքրքրի թե Ազգային ժողովի անդամներին և թե լայն հասարակայնությանը: Նա շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին աջակցության և ջերմ հյուրընկալության համար: «Կարծում եմ՝ այս գիրքը պետք է ծառայի նաև այն գաղափարին, որ խորհրդարանական ժողովրդավարությունը խաղաղության հիմնաքարերից է»,- նշել է Վոլֆգանգ Բյորնզենը:

06.10.2012