«ԵՐԵՎԱՆ. հայացք ապագայից» ցուցահանդեսը կբացվի Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում հոկտեմբերի 11-ին

«ԵՐԵՎԱՆ. հայացք ապագայից» ցուցադրությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը շարունակում է միջթանգարանային համագործակցության իր ծրագիրը` համատեղ ցուցադրություններ կազմակերպելով քույր-թանգարանների հետ: Ռուսական արվեստի թանգարանի հետ համատեղ «Գարնանային մոտիվներ» ցուցահանդեսը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում առաջինն էր այս ծրագրի շրջանակներում:

«ԵՐԵՎԱՆ. հայացք ապագայից» ցուցադրությունը կազմակերպվեց Երևանի պատմության թանգարանի հետ և ազդարարեց 2012 թ. Էրեբունի-Երևան տոնակատարությունների սկիզբը: Ցուցադրությանը ներկայացված են հայազգի մեծանուն արվեստագետների գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ՝ անցյալ դարի առաջին կեսի երևանյան համայնապատկերներով: Միևնույն ժամանակ ընդգրկված են ժամանակակից Երևանի տարբեր լուսանկարներ, որոնք խորհրդանշում են մեր քաղաքի առաջընթացը և ապագայից հայացք ուղում պատմական Երևանին:

«Հավատարիմ մնալով իր առաքելությանը՝ «համաշխարհային արվեստի լավագույնը ներկայացնել Հայաստանում և Հայաստանի լավագույնը ներկայացնել աշխարհին», նման համատեղ ցուցադրությունների կազմակերպմամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը նպատակ է հետապնդում միջազգային չափանիշներին համապատասխան իր ցուցասրահներում ապահովելու համագործակից թանգարանների ներկայությունը: Վստահ եմ, որ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում նորովի ներկայացված Երևանի պատմության թանգարանն էլ ավելի հասանելի կդառնա արվեստասեր հասարակության համար, ինչպես այս ցուցադրության ընթացքում, այնպես էլ ծրագրի ավարտից հետո»,- նշեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

«ԵՐԵՎԱՆ. հայացք ապագայից» ցուցահանդեսին ներկայացված են այնպիսի ստեղծագործություններ, որոնք այսօր ներկայացնում են ոչ միայն գեղարվեստական, այլև պատմական արժեք, որովհետև  այնտեղ պատկերված քաղաքն այլևս պատմություն է: Շնորհիվ Մ. Սարյանի, Փ. Թերլեմեզյանի, Հ. Կոջոյանի, Ս. Առաքելյանի ու այլ հանրահայտ գեղանկարիչների, մեր սերունդը ճշգրիտ պատկերացում է ստանում այն Երևանի մասին, որի ժամանակակիցը չի եղել»,- նշեց Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը:

«Սասունցի Դավիթ» պարտեզի սրահի մուտքն անվճար կլինի հանրության համար հոկտեմբերի 12-14-ը: Ցուցահանդեսը կտևի մինչև դեկտեմբերի 16-ը: