Եվրոպական Միությունը՝ խաղաղության ջատագով

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում մեկնարկած Նոբելյան 111-րդ շաբաթվա շրջանակներում քիչ առաջ հայտնի է դարձել Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը։ Մրցանակը ստացել է Եվրոպական Միությունը՝ մայրցամաքը միավորելու հարցում ունեցած պատմական նշանակության համար։ Հետաքրքիր է, որ խաղաղության մրցանակի համար ցուցակում այս տարի կար 231 թեկնածու, այդ թվում՝ 43 հասարակական և միջազգային կազմակերպություններ:

Ավանդույթը ձևավորած Ալֆրեդ Նոբելին արժանին հատուցելով՝ նշենք, որ Խաղաղության մրցանակը շվեդ քիմիկոս, ճարտարագետ, նորարար և գործարար Ալֆրեդ Նոբելի 1885 թվականի կտակով սահմանված հինգ մրցանակներից մեկն է։

Կտակի համաձայն` «խաղաղության մրցանակը պետք է շնորհվի նրան, ով առավելագույն ջանքերն է գործադրել ազգերի եղբայրության, ռազմական լարվածության թուլացման և խաղաղության գաղափարների պաշտպանության համար»։

Ի տարբերություն այլ անվանակարգերի, Խաղաղության մրցանակի կարող են արժանանալ ոչ միայն անհատներ, այլև կազմակերպություններ։

Բացառությամբ Խաղաղության մրցանակի, մնացած հինգ անվանակարգերում դափնեկրին ընտրում են Շվեդիայում` Գիտությունների արքայական ակադեմիան և Կարոլինսկա հաստատությունը։ Իսկ Խաղաղության անվանակարգում` Նոբելի կտակով, հաղթողի անունը որոշում է Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն, որի հինգ անդամներին նշանակում է Սթորտինգը` Նորվեգիայի խորհրդարանը։

Խաղաղության տենչն արտահայտված էր նաև գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի հավակնորդներից Հարուկի Մուրակամիի աշխարհայացում: Ճապոնական գրականության առանցքային ներկայացուցիչը, լինելով նաև քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող գրող, վերջերս անդրադառնալով չին – ճապոնական տարածքային վեճին՝ իր համոզմունքն էր հայտնել, որ «Ազգայնականությունը նման է էժանագին խմիչքի: Ընդամենը մի քանի բաժակից հարբում ես և շատ արագ ընկնում հիստերիայի մեջ»:

Սակայն, հետաքրքիր զուգադիպությամբ, գրականության ոլորտի այս տարվա Նոբելյան մրցանակակիրն է դարձել Չինաստանի գրողների միության փոխնախագահ Մո Յանը: Մրցանակը նրան շնորհվել է այն աշխատանքների համար, որոնցում «հալյուցինածին ռեալիզմը համադրվում է ժողովրդական հեքիաթների, պատմության և ժամանակակից միջավայրի հետ»:

Վերադառնալով խաղաղությանն՝ առավել մեծ ուրախությամբ պետք է նշել, որ այս ոլորտում ներդրած ջանքերի համար անցյալ տարի Նոբելյան մրցանակին էին արժանացել երեք կանայք` Էլեն-Ջոնսոն Սերլիֆը, Լեյմա Գբովին և Թավաքյուլ Քարմանը` «խաղաղության գործընթացում կանանց մասնակցության իրավունքը պաշտպանելու նպատակով ոչ բռնի եղանակով մղած պայքարի համար»։

Աշխարհը փոխվում է ու փոխվում է կայծակնային արագությամբ: Սակայն ապարդյուն է աշխարհաքաղաքական պատերազմական վայրիվերումների՝ մեզ «համոզելու փորձը», որ մարդկային նյութական կարիքների օրըստօրե ընդլայնումը խժռում է խաղաղության տենչն ու հանգիստ համակեցության խիստ բնական կարիքը: Ասվածի վկան է հենց քաղաքականությունից «կտրված» ոլորտներում (գրականություն, մշակույթ, առհասարակ, արվեստ) անընդմեջ բարձրաձայնվող պնդումների տրանսֆորմացված «ներծծումն» աշխարհաքաղաքականություն ձևավորող մարմինների հայեցակարգ ու արժեհամակարգ:

Լուռ, աղմկոտ, միայնակ, թե խմբված խաղաղություն ասելիս՝ Ձմեռ պապին սպասող մանկան պես բղավելու աստիճան ուզում ես ճչալ. «Արի խաղաղություն, գալդ բարի»:

Հետևենք Ստոկհոլմում և Օսլոյում՝ դեկտեմբերի 10-ին կայանալիք մրցանակաբաշխությանն ու մտորենք հոգի լցնող խաղաղության կենսական անհրաժեշտության մասին. խաղաղություն մեր ներսում ու շուրջը:

Քրիստինե Հովսեփյան