Ինքնորոշվո՞ղ, թե անկախացող “Նոր” Եվրոպա

Կատալոնիան մտադիր է Եվրոպական դատարան և Եվրամիության ղեկավարությանը դիմել, եթե Մադրիդն արգելի անկախության հանրաքվե անցկացնել: Այս մասին TV3 հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել է շրջանի կառավարության ղեկավար Արթուր Մասը:

Վերջին շրջանում Կատալոնիայի բնակիչները երկրում տնտեսական ճգնաժամի սաստկացման ֆոնին առավել հաճախ են Իսպանիայի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու պահանջով դիմում:

Նշենք, որ ավելի վաղ Արթուր Մասը հայտարարել էր, որ նոյեմբերի 25-ին Կատալոնիայում վաղաժամկետ ընտրություններ են անցկացվելու, որի ընթացքում ընտրողները պետք է նաև պատասխանեին արդյո՞ք անհրաժեշտ է շրջանին՝ դուրս գալ Իսպանիայի կազմից: Շրջանի կառավարության ղեկավարն իր որոշումը պատճառաբանել է նրանով, որ շրջանը պետք է իրավունք ունենա ինքնուրույն սահմանել պետբյուջե հարկերի ներմուծման մակարդակը: Այս մոտեցումը, սակայն, ընդունելի չէ Մադրիդի համար: Միաժամանակ, Կատալոնիայի խորհրդարանն աջակցել է Արթուր Մասին և հաստատել ինքնավար շրջանի ինքնորոշման հարցով հանրաքվեի անցկացման պահանջը: Հակառակ որոշմամբ է հանդես եկել Իսպանիայի խորհրդարանը, իսկ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյը երկրի կազմից դուրս գալու վերաբերյալ՝ Կատալոնիայի իշխանությունների փորձերը “զառանցանք” է անվանել և հայտարարել, որ երբեք թույլ չի տա երկրի բաժանումը: Թվում է՝ այս քննարկումները դեռ երկար պետք է խմորվեն, որ ի վերջո հասնեն այն մակարդակին, որի վրա այժմ գտնվում են Լոնդոն-Էդինբուրգ բանակցությունները:

Այս իմաստով, հետաքրքիր զարգացումներ ենք նկատում նաև Շոտլանդիայում: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնն ու Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սալմոնդը երեկ ստորագրեցին համաձայնագիր, որը կկանոնակարգի 2014թ. Շոտլանդիայի անկախության հարցով հանրաքվեն: Քվեարկությունը կկայանա 2014թ. աշնանը: Դրան կարող են մասնակցել Շոտլանդիայի բոլոր, այդ թվում՝ 16 և 17-ամյա բնակիչները: Շոտլանդիայի անկախության հանրաքվեի հետ կապված, սակայն մի հետաքիքիր “ինտրիգ” կա: Լոնդոնին ի վերջո հաջողվեց բացառել քվեաթերթիկում երկու հարցերի ներառումը: Շոտլանդացիները պարտավորված կլինեն հստակ պատասխան տալ՝ ցանկանում են անկախանալ ամբողջությամբ, թե ոչ: Իսկ մինչ այս շոտլանդացիների կողմից քննարկվում էր հանրաքվեին “մասնակի կամ ամբողջական անջատման” հարցի հնարավորությունը: Այսպիսով, շոտլանդացիները ստիպված կլինեն պատասխանել միակ հարցին՝ “այո”, թե “ոչ”, ցանկանու՞մ են արդյոք ամբողջությամբ առանձնանալ Մեծ Բրիտանիայից, թե ոչ: Սա իրականում որոշակիորեն սահմանափակում է բարդ ընտրության առջև կանգնած շոտլանդացիների ընտրությունը: Բացի այդ, Շոտլանդիան համաձայնել է նաև, որ հանրաքվեի ընթացքը կարգավորի Բրիտանական Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Ինչևէ, վերադառնալով մեր իրականությանը, կարելի է միանգամայն բնական նախանձով հետևել Եվրոպայում խնդիրների կարգավորման շուրջ այս քաղաքակիրթ բանակցություններին ու դրանց փոխհամաձայնեցված արդյունքներին: Հետևաբար, շարունակում է անհանգստացնել հարցը. “որքա՞ն ժամանակ կպահանջվի մեր հարևան պետությանը՝ փոքր-ինչ մոտենալու այս մակարդակին”: Ցավոք, տրամաբանությունը հուշում է՝ շատ:

 “Արմեդիա” ՏՎԳ