Ի՞ՆՉՆ Է ԱԶԴՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՖՈՆԻ ՎՐԱ

 Այսօր տեղի է ունեցել “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանի՝ ղարաբաղյան հակամարտության վերջին զարգացումների լուսաբանմանը նվիրված մամուլի ասուլիսը: Չնայած այն հանգամանքին, որ բանակցային գործընթացը վերջին շրջանում սառեցված է, վերլուծաբանը նշել է որոշ փաստեր, որոնք տեղի են ունեում աշխարհում և այս կամ այն չափով առնչվում են ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ: Այդ փաստերը ղարաբաղյան խնդրի վրա ունեն ինչպես ուղղակի, այնպես էլ միջնորդավորված ազդեցություն:

Միջազգային ֆոն

Անկասկած, ղարաբաղյան հակամարտոթյան հետ կապված միջազգային ֆոնն օր օրի փոխվում է: Բեքարյանի խոսքերով, “միջազգային ֆոնն այսօր կտրուկ տարբերվում է նրանից, որը եղել է, ասենք, հինգ տարի առաջ”: Վերլուծաբանն օրինակ է բերել Եվրոպայի հենց սրտում վերջերս տեղի ունեցած իրադարձությունները, որոնք, կամա թե ակամա, ազդում են աշխարհում ԼՂՀ խնդրի ընկալման վրա. “Եթե նախկինում մենք խոսում էինք Արևելյան Թիմորի, Կոսովոյի, Հարավային Սուդանի մասին, ապա այսօր մենք կարող ենք խոսել անկախության համար տարվող բազմաթիվ շարժումների և դրանց շուրջ ծավալված գործընթացների մասին, որոնք տեղի են ունենում Եվրոպայի հենց սրտում: Շոտլանդիայի և Միացյալ Թագավորության կառավարությունները համաձայնագիր են ստորագրել, ըստ որի` արդեն որոշվել են Շոտլանդիայի տարածքում հանրաքվե անցկացնելու օրը և դրա հետ կապված մի շարք այլ հարցեր: Իսպանիայում այսօր բավական շատ խոսակցություններ են ընթանում Կատալոնիայի, Բասկերի Երկրի, Գալիսիայի անջատման մասին: Բելգիայում ակտիվացել է անկախության ձգտող Ֆլանդրիան: Իտալիայում կրկին սրվել է Հարավային Տիրոլի խնդիրը, որը, որպես հակամարտությունների լուծման հաջող մոդել, սիրում են օրինակ բերել ադրբեջանցիները: Սակայն կյանքը ցույց է տալիս, որ Հարավային Տիրոլի խնդիրը կրկին արդիական է դառնում”… Բերելով ազգերի ինքնորոշման խնդրի շուրջ միջազգային ֆոնի փոփոխման մասին վկայող ևս մի քանի օրինակներ՝ Կ. Բեքարյանը նշեց. “Կարևոր չէ՝ նշված տարածքները կհասնեն անկախության, թե ոչ: Կարևորն այն է, որ անկախության կոչերի դեմ տանկերը գործի դնելու ժամանակներն անցել են: Եկել է քաղաքակիրթ երկխոսությունների, խնդրի կարգավորման խաղաղ միջոցների ժամանակը, և դա այլևս չեն կարող չգիտակցել Ադրբեջանում: Շոտլանդիայում գործը հասել է այն կետին, երբ կողմերը որոշում են Միացյալ Թագավորությունից Շոտլանդիայի անջատման վերաբերյալ հանրաքվեի համատեղ ֆինանսավորումը, և ոչ ոքի մտքով անգամ այնտեղ չի անցնում տվյալ հանրաքվեն անցկացնել ոչ միայն Շոտլանդիայի տարածքում, այլև Միացյալ Թագավորության ողջ տարածքում”, ինչպես Ադրբեջանի պարագայում… Ինչպես նշել է վերլուծաբանը, այսօր աշխարհը համախբվել է այն մտքի շուրջ, որ այլևս անհնար է ծայրահեղ գնահատականներ տալ ինքնորոշման համար կազմակերպված շարժումներին, և նման ֆոնը, պարզ է`՝ չի կարող ազդեցություն ունենալ ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցային գործընթացի վրա:

Հայաստանը պետք է կոշտացնի իր դիրքորոշումը

Բեքարյանի խոսքերով, այսօր շատ փաստեր կան, որոնք ուղղակիորեն ազդում են ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի վրա: “Դա, անկասկած, ավստրալական ամենամեծ նահանգի՝ Նոր Հարավային Ուելսի Օրենսդիր խորհրդի կողմից այսօր ընդունված բանաձևն է, որը վերաբերում է ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը: Դա Ադրբեջանում մարդասպան Ռամիլ Սաֆարովին հերոսացնելու գործընթացից հետո ամբողջ բացասական արձագանքն է: Դա Հայաստանի և ԼՂՀ զինված ուժերի վերջին համատեղ զորավարժություններն են: Դա Ադրբեջանի անդամակցումն է ՄԱԿ-ի ԱԽ-ին, Չմիավորման շարժմանը և այլն”: Մատնանշելով ուղղակի ազդեցության տարբեր փաստերի վրա՝ փորձագետը, լրագրողների խնդրանքով, խոսեց նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ հոկտեմբերի 27-ին Փարիզում կայանալիք հանդիպումից ունեցած սպասելիքների մասին: Նրա խոսքերով, Ադրբեջանում հայ սպայի մարդասպանին ազատ արձակելուց և ներում շնորհելուց հետո Հայաստանն առավել կոշտ դիրքորոշում պետք է որդեգրի: “Կարծում եմ՝ հայկական կողմը կրկին, առավել կոշտ ձևով սպասվող հանդիպման շրջանակներում կբարձրացնի սահմանամերձ միջադեպերի հետաքննության եղանակների, առաջին գծի մոնիթորինգների անհրաժեշտության, Ադրբեջանում առկա ռասիզմի և ատելության, ԼՂՀ բնակչության անվտանգության ապահովման նոր իրավական երաշխիքների, Ղարաբաղում ԵԱՀԿ կամ ԵԱՀԿ համանախագահների գրասենյակի բացման վերաբերյալ հարցերը”: Բեքարյանի խոսքերով, Ադրբեջանի իշխանությունները Սաֆարովի գործի շուրջ տարածված ողջ աղմուկից հետո նպատակ էին հետապնդում Հայաստանի դիրքորոշումն այնքան “կոշտացնել”, որ վերջինս հրաժարվեր բանակցություններին մասնակցելուց, ինչն էլ կհանգեցներ բանակցությունների ձևաչափի փոփոխության, ինչին և ձգտում էր Ադրբեջանը: Սակայն Հայաստանը հրաժարվեց կտրուկ քայլերից՝ նախապատվություն տալով առավել կոշտ դիրքորոշման որդեգրմանը: “Կարծում եմ, նշված բոլոր հարցերը կներառվեն ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների օրակարգի մեջ, ովքեր կքննարկեն նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հավանականությունը”,-ասել է վերլուծաբանը:

Որքանո՞վ է ակտուալ պատերազմի վերսկսումը

Պատասխանելով այս հարցին՝ Կարեն Բեքարյանը նշեց, որ պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությունը միշտ կա: Այդ հավանականությունը երբեք հավասար չի եղել զրոյի, ասել է նա: “Պարզապես պատերազմի հավանականությունն այնքան մեծ չէ, որ սկսենք խուճապի մատնվել, բայց այնքան չնչին էլ չէ, որ կորցնենք զգոնությունը”,-եզրափակել է Կ. Բեքարյանը:

 Կ. Օհանյան

25.10.2012