Չիվնինգ Կրթաթոշակներն արդեն բաց են 2013/2014 ուսումնական տարվա հայտերի ընդունման համար

Միացյալ Թագավորության Արտաքին գործերի նախարարությունը ս/թ հոկտեմբերի 29-ից հայտարարում է Չիվնինգի կրթաթոշակներ ծրագիրը: 

Չիվնինգի կրթաթոշակները ֆինանսավորվում են ՄԹ Արտաքին գործերի նախարարության և համագործակցող կազմակերպությունների կողմից: Այն իրականացվում է աշխարհի ավելի քան 100 երկրներում և այս տարի աջակցելու է մոտ 700 ուսանողի: Կրթաթոշակները տրամադրվում են առաջնորդության ունակություններ ունեցող լավագույն դիմորդներին և ամբողջությամբ ֆինանսավորում են Մեծ բրիտանիայի ցանկացած ԲՈՒՀ-ի մեկ տարվա մագիստրոսի ծրարգիր:

Հայաստանի համար այս տարի սահմանվել են հետևյալ առաջնային ուղղությունները.

  • Իրավունք և իրավագիտություն
  • Հանրային կառավարում, հանրային քաղաքականություն և կառավարում
  • Քաղաքագիտություն և հասարակագիտություն 
  • Տնտեսագիտություն
  • Միջազգային կապեր
  • Բիզնես և նորարարություն

Չիվնինգի կրթաթոշակին դիմելու համար որևէ տարիքային սահմանափակում չկա, անհրաժեշտ է ունենալ անգլերենի իմացության համապատասխան վկայական, բարձրագույն կրթության դիպլոմ, լինել Հայաստանի քաղաքացի և ունենալ 2 տարվա աշխատանքային փորձ: Առավել մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել www.chevening.org կայքի Հայաստանի համար նախատեսված էջում:

Կրթաթոշակառուները ընտրվում են Բրիտանական դեսպանատան և համագործակցող կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից: Հայաստանի դիմորդների համար հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2013թ-ի Հունվարի 2-ը:

Հավելյալ տեղեկությունների համար դիմեք Երևանում Բրիտանական դեսպանատան Մամուլի և հասարակայնության հետ կապերի ղեկավար՝ Լիլիթ Քալանթարյանին  091416479 հեռախոսահամարով, կամ գրեք՝ Lilit.kalantaryan@fco.gov.uk:

Համառոտ տեղեկատվություն Չիվնինգի մասին

Չիվնինգի կրթաթոշակները բրիտանական կառավորության գլոբալ կրթաթոշակային ծրագիր է, ֆինանսավորվում է ՄԹ Արտաքին գործերի նախարարության կողմից:

Չիվնինգի ծրագիրը սկսվել է 1983թ-ից, ընդգրկում է աշխարհի 116 երկիր: 2011-2012-ին 700 հոգի ամբողջ աշխարհից արժանացել են այս կրթաթոշակին: Ընդհանուր առմամբ Չիվնինգը ունի 41,000 շրջանավարտ:

Հավելյալ տեղեկատվության համար այցելեք Չիվնինգի պաշտոնական կայք էջ  www.chevening.org: