ՀՀ-ԵՄ ԱՍՈՑԱՑՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ 28 ԳԼՈՒԽՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՓԱԿՎԵԼ ԵՆ

Ինչպես գիտենք, մասին ազդարարել է Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների 10-րդ լիագումար նիստը: Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը տեղեկացրել էր, որ հայկական պատվիրակությունը գլխավորող ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանն աշխատանքներն ամփոփել է Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Արևելյան հարևանության, Ռուսաստանի և Արևմտյան Բալկանների հարցերով տնօրեն Գունար Վիգանդի հետ:

Հերթական բանակցությունների արդյունքում կողմերն արձանագրեցին, որ երկուստեք համաձայնեցված է ապագա համաձայնագրի նպատակների և ընդհանուր սկզբունքների, ինչպես նաև քաղաքական երկխոսության, արտաքին և անվտանգության քաղաքականության ու արդարադատության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի հիմնական մասը:

Նշենք, որ ներկայում բանակցվել և ժամանակավորապես փակվել են ապագա համաձայնագրի տնտեսական, ֆինանսական և ոլորտային համագործակցության առնչվող 28 գլուխներ:
Միաժամանակ, ԵՄ ներկայացուցիչը ևս հատուկ գոհունակությամբ ընդգծել է, որ հաջողությամբ ընթանում են նաև Ասոցացման համաձայնագրի բաղկացուցիչ մասը հանդիսացող՝ Հայաստանի և ԵՄ միջև խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի հիմնելու շուրջ բանակցությունները, որոնց երկրորդ փուլը տեղի էր ունեցել հոկտեմբերի 2012թ. 2-4-ին Երևանում:
Բանակցություններում նորություն էր կողմերը պայմանավորվածության ձեռքբերումն այն մասին, որ առաջիկայում աշխատանքներ տարվեն Ասոցացման օրակարգ ձևավորելու ուղղությամբ՝ ինչը իրենից կներկայացնի Ասոցացման համաձայնագրի դրույթների իրականացմանն ուղղված՝ ոչ իրավական բնույթի փաստաթուղթ և կփոխարինի Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագիրը:
Հավելենք, որ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների հաջորդ լիագումար նիստը նախատեսվում է անցկացնել 2012թ. դեկտեմբերի երկրորդ կեսին:
01.11.2012