Հետաքրքիր և տարօրինակ Եվրոպա

Վերջերս լրահոսում անընդհատ հանդիպում են տարբեր հետաքրքիր ու տարօրինակ, լուրջ և անլուրջ իրադարձությունների մասին հաղորդագրություններ, որոնք ստիպում են անընդհատ արտաբերել մի արտահայտություն` “միայն Եվրոպայում կարող էր նման բան պատահել”:  Գուցե միայն ի՞նձ է այդպես թվում: Կարդալուց հետո, կարծում եմ, ինքներդ էլ կհամոզվեք, որ ոչ միայն մեզ մոտ, այլև աշխարհի այլ երկրներում ևս հաճախ չէ, որ պատահում են նման դեպքեր:

Եվ այսպես, օրինակ` հոկտեմբրի 21-ին Իսլանդիայում անցկացվել է հանրաքվե, որի արդյունքում իսլանդացիներն “այո” են ասել երկրի նոր սահմանադրությանը: Այստեղ, իհարկե, զարմանալի կամ նոր ոչինչ չկա: Երևի թե բոլոր երկրներն էլ հանրաքվեներ անցկացրել և անցկացնում են այս կամ այն հարցի շուրջ: Ուշագրավն այստեղ այն է, որ հանրաքվեի է դրվել և իսլանդացիներն “այո” են ասել իրենց սահմանադրության այն տարբերակին, որը մշակվել է ոչ թե իրավաբան-փորձագետների կամ քաղաքական գործիչների, այլ … Իսլանդիայի շարքային քաղաքացիների կողմից: Պատահականության սկզբունքով ընտրված 950 քաղաքացիներ սահմանել են նոր սահմանադրության հիմնական սկզբունքները, այնուհետև ուղիղ ընտրությունների միջոցով ընտրվել են 25 ներկայացուցիչներ, որոնց թվում կարող էր լինել ցանկացած ոք բացի քաղաքական գործիչներից: Այդ 25 հոգուց բաղկացած խորհուրդը ժողովրդի առաջարկների հիման վրա մշակել է նոր սահմանադրությունը, որն էլ դրվել է հանրաքվեի: Խորհուրդն աշխատել է կոնսենսուսային սկզբունքով և թափանցիկ: Յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն է ունեցել էլ. փոստով, Facebook-ով կամ YouTube-ով մասնակցել քննարկումներին, խորհուրդներ տալ և արտահայտել իր կարծիքը: Սա ուղիղ ժողովրդավարության, երևի թե, լավագույն դրսևորումն է, և արդեն իսկ շատերի կարծիքով համարվում է “մարդկության պատմության մեջ ամենաժողովրդավարական գործընթացը”:

Իսկ եթե անդրադառնանք ավելի, այսպես ասած, անլուրջ իրադարձություններին, ապա կարելի է հիշատակել մի քանիսը: Օրինակ` Մեծ Բրիտանիայի վարչապետը աշխատանքից հեռացրել է իր կատու Լարիին իր պարտականությունները լավ չկատարելու` մկներին չբռնելու համար, ավելի ուշ ոստիկանները միջամտել են Մեծ Բիտանիայի վարչապետի և ֆինանսների նախարարի  կատուների միջև բռնկված վիճաբանությանը, Շոտլանդիայի ազգային տուրիստական գործակալության ղեկավարն Էդինբուրգի կենդանաբանական այգու պանդաներին շնորհել է Scottish Thistle Award մրցանակ զբոսաշրջության մեջ ունեցած ներդրման համար, Բարսելոնայում պատրաստվում են ներմուծել ամուսնության արարողության հարկ և այլն, և այլն:

Սակայն, եթե կազմեինք տարօրինակ իրադարձությունների “թեժ տասնյակ”, ապա առաջին տեղում կլիներ հետևյալը` Ֆինլանդիայի բնակիչներից մեկն աճուրդի է հանել “սեփական” կնոջն ընդամենը 5 եվրոյով և “նա ինձ այլևս պետք չէ” լակոնիկ պատճառաբանությամբ: Ինչպես կարգն է, “կրեատիվ” ամուսինը բոլոր պոտենցիալ գնորդների համար թվարկել է նաև իր կողակցի բացասական և դրական կողմերը, մասնավորապես` “նա չափազանց շատախոս է, երբեք չի լռում, միշտ բարկացած է, նրան անհնար է խաբել” և այլն: Իսկ դրականների շարքում ամուսինը նշել է երկուսը` գովելով նրա կանացի արժանիքներն ու համեղ պատրաստելու կարողությունները, որոնք էլ, երևի թե, գրավել են պոտենցիալ գնորդներին, և կնոջ համար սահմանված նախնական գինն արագորեն սկսել է աճել՝ հասնելով հարյուր հազար եվրոյի:

Բոլոր հավանական մեկնաբանությունները, կարծիքներն ու պիտակավորումները դնելով մի կողմ, մի բանը հստակ ուսանելի է` բոլոր ավանդույթներով հանդերձ մարդիկ կառուցում են իրենց կյանքն ու առօրյան` չհիմնվելով որևէ կարծրատիպերի կամ նախադեպերի գոյության վրա:

Հայկուհի Կաթրջյան

      ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

“Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպությունը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ մեկնարկում է “Երիտասարդության ձայնը” ծրագրի երկրորդ փուլը, որի շրջանակում ուրախ կլինենք ընդունել ծրագրին մասնակցության հայտեր: Ծրագրի շրջանակներում կազմակերպվելու են դասընթացներ արտաքին քաղաքական թեմաներով (հայկական պետությունների արտաքին քաղաքական դիրքորոշումներ, շահեր, տեսակետներ, և մոտեցումներ, ղարաբաղյան խնդիրը միջազգային կառույցներում, բանակցային գործընթաց. տրամաբանություն և հեռանկարներ, եվրաինտեգրում, եվրոպական իրավական, քաղաքական համակարգ և տեղայնացման խնդիրներ, եվրոպական արժեհամակարգ, մարդու իրավունքներ… կարդալ մանրամասն>>